Փարիզի Սալվադոր Դալիի թանգարանից հափշտակվել է ժամացույցի քանդակագործական պատկերը, որը հայտնի է որպես «Ժամանակի կիսադեմ»: Ինչպես հաղորդել է Local եվրոպական թերթի ֆրանսիական հրատարակությունը, կոպոպուտը տեղի է ունեցել մայիսի 31-ին Մոնմարտրում:
Ըստ ոստիկանության տվյալների՝ չարագործները մտադրված են եղել կատարել կրկնական կողոպուտ, սակայն զբոսաշրջիկի զգոնությունը փրկել է Դալիի մյուս հայտնի քանդակի՝ «Ժամանակի պարի» հափշտակումից: Արվեստի բոլոր ստեղծագործությունները եղել են ապակու տակ, բայց միացված չեն եղել ազդասարքին: Թարմ հետքերով հանցագործներին բռնել չի հաջողվել:
Հափշտակված քանդակը Դալին ստեղծել է 1977 թվականին, այն խորհրդանշում է ժամանակի անխափան ընթացքը: Դրա հետաքրքրական մանրամասն այն է, որ վարպետը ժամացույցի թվատախտակի վրա պատկերել է իր կիսադեմը:
Սալվադոր Դալիի (1904 – 1989) թանգարանը բացվել է 1991 թվականին: Դրա ցուցադրանքում ներկայացված է իսպանացի գեղանկարչի, որը համարվում է սյուրռեալիզմի հիմնադիրը, ավելի քան 300 գործ՝ գծանկար և քանդակ: