Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին` Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Բել առուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը և այլ երկրներ ներկայացնող շնորհալի պատանիներ, մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը (դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան): Անդրեյ Կուրբետը «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (2013 թ.), Ջուզեպպե Տերրասիանոյի անվան (2009 թ. Իտալիա), «Ֆլամ» միջազգային մրցույթների (2010 թ. Ֆրանսիա) և Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի (2012թ.) մրցանակակիր: Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: