Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյունների ներքո մայիսի 14-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում մեկնարկել է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողներ Մարիա Ղուշչյանի, Էլեն Յոլչյանի, Ռուբեն Անտոնյանի, Հովիկ Սարդարյանի, Արթուր Հարությունյանի, Մարիամ Սահակյանի, Ալվինա Կարապետյանի, Վահագն Վարդանյանի և Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երիտասարդները պետք է լսեն իրենց ստեղծագործությունները, այդ կերպ կարող են կատարելագործվել և շարժվել առաջ, իսկ միությունը պատրաստ է աջակցել ու սատարել երիտասարդներին:
«Մեր հիմնական նպատակը հանրապետությունում մեր երիտասարդների անուններն ավելի հնչեղ ու հայտնի դարձնելն է: Մենք ունենք փայլուն երիտասարդ կոմպոզիտորներ: Մի մասը, որ արտասահմանում է, շատ պատշաճ ձևով է ներկայացնում հայ երաժշտական արվեստը, դառնում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Մենք պետք է գոհ լինենք, որ այդպիսի երիտասարդություն ունենք: Այդ երիտասարդությանն այստեղ, ցավոք, չեն ճանաչում: Փառատոնը հնարավորություն կտա, որ ճանաչեն բարձր արվեստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Փառատոնի նպատակն է միավորել և ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները:
Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրը կհնչեն Աննա Հակոբջանյանի, Մարտին Ուլիխանյանի, Սարգիս Ատամյանի, Տիգրան Ասլանյանի, Սամվել Գանտրալյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Հեղինե Սարգսյանի ստեղծագործություններից:
Մայիսի 20-ին տեղի կունենա վերջին համերգը. կհնչեն Արթուր Աքշելյանի, Անդրանիկ Ֆատալովի, Արսեն Բաբաջանյանի, Դավիթ Բալասանյանի, Արամ Հովհաննիսյանի, Էդմոնդ Մակարյանի, Արթուր Ավանեսովի, Արսեն Հարությունյանի և Վահրամ Սարգսյանի ստեղծագործություններից:
Բոլոր համերգների մուտքն ազատ է: Միջոցառման աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Բացի այդ, մայիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների համերգը, որին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: