Մայիսյան հաղթական Եռատոնին նվիրված՝ Շուշի քաղաքի «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Կողբի գեղարվեստի դպրոցի կազմակերպած «Սահմանից սահման» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկայացված են 120-ից ավելի գեղանկարներ և ձեռագործ աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր Բեջանյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը, մշակութային գործիչներ և հյուրեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվել է համերգային ծրագրով, որտեղ հանդես են եկել Շուշիի «Նարեկացի» արվեստի միության սաները: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր Բեջանյանի օրհնանքի խոսքից հետո ընթերցվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի շնորհավորական ուղերձները՝ Եռատոնի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը իր հերթին նշեց, որ Եռատոնը նաև մեկ հարկի տակ բոլորին հավաքելու խորհուրդ ունի, և հայոց բերդաքաղաքում այս օրերին Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից բացված ցուցահանդեսն օրն ավելի տոնական է դարձնում Շուշիում:
Կարևորելով օրվա խորհուրդը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը նշեց, որ մեր ապագան կերտող սերունդը արժանապատիվ կարողանում է աշխարհին ներկայանալ իր մշակույթով և արժանանալ դրվատանքի: «Պատերազմական ակտիվ ռազմագործողությունները այսօր տեղափոխվել են տնտեսական, քաղաքական և քարոզչական դաշտ, սակայն աշխարհում ազգերին առաջին հերթին ճանաչում են իրենց ստեղծած մշակույթով»,- ասաց Լ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ առումով մեր ազգը աշխարհում սահմանից սահման կարող է հպարտորեն ներկայանալ այն մեծ պատմամշակութային ժառանգությամբ, որ դարեր ի վեր ստեղծել են մեր նախնիները: