Բելգիայի Լեվենի համալսարանի երկու վիրաբույժ-օրթոպեդ առաջին անգամ նկարագրել են նախկինում գիտությանն անհայտ մի օրգան, որը գտնվում է մարդու ծնկի ներսում:
Չնայած այն նվաճումներին, որոնց հասել է վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան՝ ծնկի առաջային խաչաձև կապանների վնասվածքով հիվանդների բուժման և վերականգնման գործում, չի կարելի ասել, որ այս ծանր վնասվածքից հետո հիվանդներն իրենց լավ են զգում: Իրենցից շատերը պարբերաբար բախվում են հոդի տեղաշարժին՝ հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ: Սա, միանշանակ, խանգարում է լիարժեք ապրելուն և շարժումներին:
Վերջին չորս տարիների ընթացքում բելգիացի գիտնականներ Ստիվեն Կլաեսը և պրոֆեսոր Ջոան Բելեմանսը հետազոտություններ են անցկացրել՝ այդ տհաճ երևույթի պատճառներն ու մեխանիզմները բացահայտելու նպատակով: Կիրառելով դիակի մակրոսկոպիկ հետազոտության եղանակները՝ հեղինակները ներկայացրեցին մի կառույցի լիարժեք անատոմիական նկարագրություն, որն անվանեցին անտերոլատերալ կապան: Այն հայտնաբերվել է բոլոր հետազոտված դիակների (41) ծնկների ներսում: Հետագայում հեղինակներին հաջողվեց ապացուցել, որ ծնկային հոդում տեղի ունեցող հետտրավմատիկ տեղաշարժը կապված է հենց այդ անտերոլատերալ կապանի վնասվածքի հետ:
Բելգիացիների հայտնագործությունը, բացի տեսականից, ունի նաև կարևոր կիրառական նշանակություն: Ծնկան հոդի ֆունկցիոնալ անատոմիայի խորացված ուսումնասիրությունը թույլ կտա փոխել այս հատվածի վնասվածքների բուժման եղանակը: Եվ նման աշխատանքներ արդեն տարվում են:
Այս հետազոտության տվյալները հրապարակվել են Journal of Anatomy ամսագրում: