Խորագիրը վարում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը
Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է և առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ, և տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի և գույնի ընտրությանը, հեթանոսական և կրոնական նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի, խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաև տղամարդիկ են մասնակցել: Այսինքն` ծեսի բովանդակությունը և մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն, պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է` համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին և պատկերացումներին: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում և արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ. կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն:
Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը` չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է` ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: «Կույս» նշանակում է չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական` մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ պահել զորավոր թշնամուց, ինչի շնորհիվ էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:
Շարունակությունը` այստեղ: