Երգիչ Գրիգոր Կյոկչյանն օրերս ներկայացրեց իր առաջին անհատական տեսահոլովակն ու երգը, որը շատ գունավոր, դրական, ռիթմիկ ու կրեատիվ աշխատանք է: Այս մասին և մի շարք այլ հարցերի շուրջ Mediamall.am-ը զրուցեց Գրիգորի հետ:


- Օրեր առաջ նոր տեսահոլովակ եք թողարկել: Մի փոքր կխոսե՞ք այդ մասին' ինչպե՞ս ընտրվեց երգը, և առհասարակ ի՞նչ է բերում Գրգոր Կոկչյանը հայ շոու բիզնես:


- Նախ ասեմ, որ երգն իմ առաջին անհատական աշխատանքն է, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանեցինք: Երկար մտածելուց հետո որոշեցի այս երգը ներկայացնել, որովհետև սա այն երգն է, որը ես սիրում եմ' փոփ-ռոք ժանրում, քանի որ մի փոքր օրիգինալ է ու նախատիպը չունի Հայաստանում' սկսած տեսահոլովակից, որ չեն կարող նմանեցնել այլ աշխատանքի, վերջացրած երաժշտությամբ և խոսքերով: Այն իր մեջ օրիգինալություն է պարունակում: Տեքստն էլ է շատ օրիգինալ ու կրեատիվ: Սա իմ միտքն էր:


- Ինչ եք կարծում, ո՞ր տարիքային խումբ ն է Ձեր ունկնդիրը:


- Երիտասարդները կգերակշռեն, ինչու չէ' նաև մեծահասակները, բայց միանշանակ ավելի շատ կունկնդրեն երիտասարդները, դեռահասները:

Գրիգոր Կյոկչյանի


- The Voice-ի երկրորդ եթերաշրջանին հետևո՞ւմ եք:


- Այո’:


- Ո՞ր թիմն ու հատկապես ո՞ր մարզիչն է Ձեզ ավելի դուր գալիս:


- Որպես մարզիչ և խումբ ավելի շատ, ի զարմանս ինձ, դուր է գալիս Քրիստինե Պեպելյանի խումբը: Երբ ինձ ասացին, որ նա մարզիչների ցանկում է, այնպես չէ, որ ես որպես մասնակից նախապատվությունը նրան կտայի, բայց եթերաշրջանը դիտելով' կարծում եմ ամենառեալ ժյուրին է:


- Գրիգո’ր, հանրությանն ավելի շատ հայտնի եք մրցույթներին մասնակցելով. ապագայում միջազգային մրցույթներին մասնակցելու ծրագրեր կա՞ն:


- Շատ-շատ մրցույթներ կան, որ ցանկանում եմ մասնակցել, կարծում եմ' կհասունանա այդ պահը, ուղղակի ինքնանպատակ չպետք է լինի մասնակցելը : Այն ժամանակ ես սկսնակ էի, և կարող էի ինձ թույլ տալ մասնակցել բազմաթիվ մրցույթների, իսկ հիմա կամ պետք է մասնակցելս լինի հաղթանակ, կամ պետք չէ մասնակցել: Կարևոր չէ առաջին տեղը, բայց մասնակցելիս պետք է լավ պատրաստվել, լավ մասնակցել, ոչ թե ուղղակի մասնակցել…

Արման Կյոկչյանը, Արմեն Գալյանը եւ Գրիգոր Կյոկչյանը


- Հայկական շոու բիզնեսում ի՞նչը ձեզ դուր չի գալիս. որը Ձեր ներկայությունը կարող է փոխել:


- Ինձ շատ բան դուր չի գալիս, բայց այդ փոփոխություններն անելը շատ դժվար է: Մեր շոու բիզնեսը մի փոքր կարծրացած ու լճացած է, և այստեղ հայտնվել ու փորձել ինչ-որ բան փոխել, հավատացեք, շատ դժվար է:
Երբ պատրաստում էի իմ առաջին երգը, հստակ գիտակցում էի' այս տեսակի երաժշտությամբ դժվար է կայուն լինել և մասսայական տեղ ուեննալ, բայց ամեն դեպքում փորձում եմ ոչ թե գնալ այն հոսանքով, որ գնում են բոլորը, այլ փորձում եմ հակառակը' չլինել ստանդարտ: Միայնակ ոչ մի բան չես կարող անել, էս դեպքում մեդիադաշտի' ինտերնետային կայքերի, ռադիոների և հեռուստատեսության աջակցությունն իսկապես պետք է այն մարդկանց, ովքեր չեն փորձում լինել շուկայական, այլ փորձում են ավելի որակով ինչ-որ աշխատանք ներկայացնել:

Գրիգոր Կյոկչյանը`


- Իսկ սա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ դուք տեղափոխվեք այլ երկիր և Հայաստանից դուրս ստեղծագործեք:


- Չէ’: Այլ երկիր դուրս գալ հեշտ չէ, եթե ես չգիտակցեմ, որ ինչ-որ երկրում կարող եմ լուրջ հաջողությունների հասնել' թողնեմ իմ տունն ու տեղը, հարազատներիս, գնամ այնտեղ։ Բացի այդ, օտար երկրում հաստատվելը բարդ է, այստեղ հաստատվելն է բարդ, ուր մնաց օտար երկրում: Ես սիրում եմ Երևանը և դժվար թե գնամ:


- Եվ վերջում կա՞ որևէ ակումբ, որտեղ կարող են լսել Գրիգորին:


- Հիմա ոչ մի տեղ չեմ աշխատում' փառք Աստծո ապրուստս այլ կերպ եմ վաստակում: Պարզապես որոշ ակումբներում լինում են կենդանի նվագակցությամբ ելույթներ:

 

 

Զրուցեց Լիա Թահմազյանը