Սոֆի Մխեյանը համարվում է հայկական շոու-բինզեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Նրան սովոր ենք մշտապես տեսնել ուժեղ ու խիզախ կնոջ կարգավիճակում: «Եթե կյանքը ցանկանում է, որ դու երջանիկ լինես, այն տանում է քեզ դժվարին ճանապարհներով, քանի որ հեշտ ճանապարհով երջանկություն չի լինում». հենց այս կարգախոսով է առաջնորդվում երգչուհին: Life.panorama.am-ի հետ զրույցում Սոֆի Մխեյանը պատմեց իր անձնական կյանքի, ապագա ծրագրերի, իր անվան շուրջ շրջանառվող ասեկոսեների և շատ այլ թեմաների մասին:
-Դուք հայտնի և սիրված անձնավորություն եք, ում բոլոր քայլերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում: Դժվար չէ՞ արդյոք մշտապես գտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:
-Լինել ճանաչված այսօր շատ հեշտ է: Դժվար է սիրված լինելը: Սակայն անհարմար զգալ այդ փաստից, սխալ կլինի, քանի որ այսպես, թե այնպես մենք դրան ենք ձգտում: Մեզնից յուրաքանչյուր անում է ամեն ինչ, որ դառնա ու մնա հասարակության հետաքրքրությունների կենտրոնում:
-Ձեր գրեթե բոլոր քայլերը, կատարած գործերը դառնում են քննարկման թեմա Ձեզ սիրող, ինչու չէ նաև չսիրող մարդկանց համար: Այնուամենայնիվ գոյություն ունի՞ որոշակի սահման, որից այն կողմ հանրային դեմքը այլևս չի ցանկանում, որ հասարակությունը ներխուժի իր կյանք: Ո՞րն է ձեզ համար այդ սահմանը:
-Հանրային ճանաչում ունեցող մարդն իր բոլոր քայլերում պետք է լինի հնարավորինս չափի մեջ, քանի որ մեկ սխալ արարք կամ վրիպում, և դա կարող է դառնալ լայն քննարկման առարկա: Սակայն կա մի սահման, որից այն կողմ Սոֆի Մխեյանը փակ է հասարակության համար: Խոսքը անձնական բնույթի ինֆորմացիայի մասին է: Գիտակցում եմ, որ լինելով հայտնի, չես կարող բոլորովին փակ լինել քո երկրպագուների համար: Սակայն ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է իմ կյանքը հանրայնացնել:
- Շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ փորձում են թաքցնել իրենց անձնական կյանքը: Գուցե դրանով իրենց անձի շուրջ հետաքրքրությունը պահպանելու համար: Իսկ ոմանք, ընդհակառակը, ամեն կերպ փորձում են բացահայտել անգամ նեղ անձնական հարաբերությունները: Իսկ դու՞ք:
-Ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ չի սիրում անձնական կյանքը դարձնել բոլորի սեփականությունը: Կոչվելով նեղ անձնական' դա հենց այդպիսին էլ պետք է մնա:
-Կա՞ն փոփոխություններ կամ նորություններ Սոֆի Մխեյանի անձնական կյանքում:
-Իհարկե կան: Հայտնի մարդիկ էլ են ցանկանում սիրել ու սիրված լինել: Սակայն ինչպես միշտ, այս անգամ ևս ոչինչ չեմ բարձրաձայնի մինչև այն պահը, երբ ինքս վերջնական համոզված չլինեմ: Հիմա իմ կյանքում ամեն ինչ լավ է ու խաղաղ:
-Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:
-Կարևորում եմ տղամարդու մեջ նրա տղամարդկային որակները: Կինը պետք է զգա, որ իր կողքին կա մեկը, ով միշտ պատրաստ է աջակցել ամեն հարցում: Սակայն իդեալներ չեմ ստեղծել: Շփվելով մեկի հետ և ճանաչելով նրան' բացասական գծերն անգամ կարող են վերածվել դրականի:
-Երկար ժամանակ քննարկվում էր Ձեր և «Հայաստանի ձայնը» («The Voice of Armenia») նախագծի Նարեկի սիրային կապի մասին լուրերը: Ի վերջո, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Նման լուրեր տարածվեցին այն ժամանակ, երբ նախագծի եզրափակչում ես ու Նարեկ Մակարյանը ունեցանք զուգերգ: Սակայն դա չի նշանակում, որ մեր մեջ սիրային կապ է եղել: Դա կայքերից մեկի տարածած կատակի հիման վրա ստեղծված բամբասանք է: Եվ քանի որ նախագծի եզրափակիչ համերգը համընկավ ապրիլմեկյան տոնի հետ, նրանք որոշեցին անհաջող կատակ անել և տարածել, թե ես առաջարկություն եմ արել Նարեկին և մենք ունենք սիրային հարաբերություններ: Իհարկե, հետո ես պաշտոնապես հերքեցի այդ լուրը:
-Իսկ երբևէ չե՞ք մտածել որտեղից են հորինվել այդ բամբասանքները: Ինչպես ժողովուրդն է ասում . «Առանց կրակ, ծուխ չի լինում»: Համաձայն չե՞ք:
-Նարեկի հետ մեր հարաբերությունները ավելի քան ջերմ են: Հենց գուցե այդ ջերմությունն ու վերաբերմունքը վերագրեցին սիրահարվածությունը: 6 ամիս միասին աշխատել ենք «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակում և այդ ընթացքում ես կարողացա բացահայտել նրա մեջ այն մարդկային որակները, որի համար ես շփվում եմ նրա հետ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ասեկոսեների:
-Կար մի պահ, որ խորը վերլուծության էի ենթարկում իմ մասին տարածված ասեկոսեների, սակայն հետո հասկացա, որ միևնույն է ցանկության դեպքում շատերը անգամ քեզ կարող են համոզել ու տարածել մի բան, որ իրականության հետ բացարձակ կապ չունի; Դա պարապության դրսևորում է:
-Որքա՞ն էլ շոու-բիզնես կոչվածը արտաքուստ հաշտ ու համերաշխ է թվում, որտեղ մեկը մյուսի հետ ունի լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, տարաձայնություններ ու խնդիրներ լինում են: Ո՞ւմ հետ և ի՞նչ բարդություններ է ունեցել Սոֆի Մխեյանը:
-Բոլորի հետ համերաշխ լինել, իհարկե, չի հաջողվում: Սակայն բնույթով ադեկվատ մարդ լինելով' հնարավորինս փորձում են հարթել ծագած խնդիրները: Իսկ այն տարաձայնությունը, որը չեմ կարողանում վերացնել, դա դեռ պատճառ չէ, որ ես դրա մասին հայտնեմ բոլորին:
-Երկար ժամանակ քննարկվում էր Ձեր ու երգչուհի Քրիստինե Պեպելյանի միջև առաջացած խնդիրները: Մինչև այսօր դեռ շարունակվո՞ւմ են ձեր հարաբերություները լարված մնալ:
-Մեր միջև խնդիրներ իսկապես եղել են, սակայն դա դեռ պատճառ չէ նրա մասին վատը խոսելու կամ մեղադրելու: Եղել է ժամանակ, երբ մենք պարզապես միմյանց չենք հասկացել:
-Ի՞սկ հիմա ինչ հարաբերություներ ունեք իրար հետ:
-Մեր միջև եղել է ավելին , քան գործընկերությունը: Բայց ինչևէ ես փակել եմ այդ էջն ու առաջ եմ շարժվում: Իր փոխարեն ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում ոչինչ առաջվանը չէ. տեսնելիս գուցե իրար միայն բարևենք և վերջ:
-Վերջին շրջանում այնքան էլ ակտիվ գործունեություն չեք ծավալում: Ո՞րն է պատճառը:
-Հիմա ունեմ բազում մենահամերգներ ու շրջագայություններ արտերկրում, որոնք, ի դեպ, դեռ շարունակվում են: Կան նոր նախագծեր, որոնցով շուտով հանդես կգամ: Լինում է ժամանակ, երբ դադար ես տալիս ու սկսում ես վայելել քո աշխատանքի պտուղները: