Ֆիննական Nokia ընկերությունն Աբու Դաբիում տեղի ունեցած Nokia World Event միջոցառման շրջանակներում ներկայացրել է միանգամից մի քանի նորույթ՝ 5 հեռախոս և ընկերության առաջին պլանշետը, հայտնում է Daily Mail-ը։
Պլանշետը՝ Lumia 2520-ը, գործում է Microsoft-ի Windows օպերացիոն համակարգով, ունի 10.1 դյույմանոց անկյունագծով էկրան և, ըստ նախնական տվյալների, վաճառքի կհանվի 499 դոլարով։
Պլանշետն արտադրվել է կարմիր, կապույտ, սպիտակ և սև գույներով։ Դրա էկրանի պիքսելային խտությունը կազմում է 218 պիքսել։ Սարքը համալրված է Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորով, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ։
Պարբերականը նկատում է, որ Nokia-ն իր առաջին պլանշետը ներկայացրել է այն նույն օրը, երբ ոլորտի մեկ այլ հսկա՝ամերիկյան Apple-ը, պատրաստվում է ներկայացնել իր նոր սերնդի iPad և iPad Mini պլանշետները։
Ինչ վերաբերում է սմարթֆոններին, ապա նոր Lumia 1520-ն ունի 6 դյույմանոց Full HD էկրան, որի խտությունը 368 պիքսել է։ Այն ունի 20 մեգապիքսելանոց PureView տեսախցիկ, և ինչպես Lumia 2520-ը, այն ևս գործում է Qualcomm պրոցեսորով ու ունի օպերատիվ հիշողության նույն ծավալը։ Սմարթֆոնն արտադրվել է կարմիր, դեղին, սպիտակ և սև գույներով, իսկ դրա գինը կկազմի 749 դոլար։
Բացի այս ֆիննական արտադրողը ներկայացրել է նաև ավելի էժան Lumia 1320 սմարթֆոնը, որն ունի 6 դյույմանոց էկրան, 5 մեգապիքսելանոց տեսախցիկ և արտադրվել է նարնջագույն, դեղին, սև և սպիտակ գույներով։ Այն կվաճառվի 339 դոլարով։
Սակայն Nokia-ի նորույթներն այսքանով չեն ավարտվել. միջոցառման շրջանակներում ընկերությունը ներկայացրել է Asha շարքի ևս 3 նոր հեռախոս, որոնց գինը սկսվում է 69 դոլարից։ Դրանք ունեն 2 և 58 մեգապիքսելանոց տեսախցիկներ։
Նոր Nokia Asha հեռախոսներով հնարավոր է ընդամենը 1 կոճակ սեղմելով լուսանկարներով կիսվել Facebook-ով, Twitter-ով, Bluetooth-ով և նաև Whatsapp-ով։
Asha 500-ն արժե 69 դոլար, 502-ն ու 503-ը՝ 89 և, համապատասխանաբար, 99 դոլար։