Condé Nast Traveler առաջատար զբոսաշրջային ամսագիրը հրապարակել է աշխարհի 10 լավագույն կղզիների ցուցակը, որոնք ընտրվել են «Ընթերցողների ընտրությունը» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, գրում է Business Insider-ը:
Բորա Բորա «խաղաղօվկիանոսյան թագուհու» մեկուսի հանգստությունից մինչև Հարավային Կարոլինայի Kiawah կղզու գոլֆի «սողացող» դաշտեր. այս և շատ ավելին են առաջարկում ճանապարհորդների կողմից լավագույնը ճանաչված կղզիները:
1. Մաուի, Հավայան կղզիներ
Երկրորդ անգամ անընդմեջ հայտնվելով առաջին հորիզոնականում' Մաուին անկասկած ամենասիրելի կղզին է համարվում զբոսաշրջիկների շրջանում: Haleakala ազգային պարկի շքեղ բնաշխարհը կետերի վարքն ուսումնասիրող տուրեր կազմակերպելու հնարավորություն է ընձեռում:
2. Կաուաի, Հավայան կղզիներ
Կաուաին Հավայան կղզիներից ամենահանգիստն է, որը հայտնի է «պատմական քնկոտ քաղաքներով» և սիրալիր բնակիչներով:
3. Մալդիվներ, Հնդկական օվկիանոս
Տեղակայված լինելով Հնդկական օվկիանոսում' Շրի Լանկայից հարավ-արևմուտք, Մալդիվներն աներևակայելի գեղեցկություն ունեցող կղզիների շղթա է, որի ափերը ողողված են փիրուզագույն ջրերով, սպիտակ ավազով, առափնյա առանձնատներով:
4. Kiawah կղզի, Հարավային Կարոլինա
Այստեղ է անցկացվել 2012-ի գոլֆի PGA ամերիկյան առաջնությունը, քանի որ ճանապարհորդների կարծիքով՝ այստեղ ամենահիանալի գոլֆի դաշտերն են տեղակայված: Կղզին ունի նաև արգելոցներ, լողափեր, թենիսի կորտեր և առաջարկում է հիասքանչ տեսարաններ:
5. Բորա Բորա, Ֆրանսիական Պոլինեզիա
Բորա Բորան հիանալի վայր է մեկուսանալու և հանգիստը վայելելու համար: Ջրերում տեղակայված միահարկ հյուրատներով հայտնի այս կղզին հիանալի հնարավորություն է ընձեռում բացահայտելու օվկիանոսային կյանքի գաղտնիքները' սկուբա դայվինգի կամ լողի միջոցով:
6. Սի Այլենդ, Ջորջիա
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվող այս կղզին հայտնի է գոլֆի կուսական դաշտերով, հիասքանչ բնապատկերով և բարեհամբույր տեղաբնակներով: Կղզին լավագույնս է ներկայացնում հարավային հյուրընկալության ավանդույթները:
7. Մուրեա
Մուրեա կղզին, որ գտնվում է Ֆրանսիական Պոլինեզիայում' Թաիթիից 9 կմ հյուսիս-արևմուտք, իրենից ներկայացնում է «արևադարձային գեղեցկություն' ֆրանսիական նրբությամբ», ինչպես նշել են Condé Nast Traveler ամսագրի ընթերցողները: Կղզին ունի ծովածոցեր, լեռներ և հրաշալի տեսարաններով մեկուսի լողափեր:
8. Օահու, Հավայան կղզիներ
Օահուն հիանալի կղզի է ճանապարհորդությունների համար, որտեղ զարգացած է սերֆինգի մշակույթը: Կղզին հայտնի է նաև իր հիանալի ռեստորաններով:
9. Բարիերային Մեծ խութ կղզին' Ավստրալիայում
Աշխարհի ամեամեծ կորալյան խութերն ունեցող այս կղզին աշխարհի 7 նորագույն հրաշալիքներից մեկն է, որը հիացնում է աներևակայելի ծովային կենսաբազմազանությամբ և հոյակապ լողափերով:
10. Հավայան Մեծ կղզի
Մեծ կղզին, որն ամենամեծն է Հավայան կղզիների շարքում, տեսարժան վայրերի և զվարճանքի կենտրոնների առատություն է առաջարկում' Հավայան Volcanoes ազգային պարկից մինչև բացօթյա շուկաներ: Ինչպես քվեարկել են ընթերցողները, այստեղ ինչ-որ բան կգտնվի յուրաքանչյուրի համար: