Օրերս մեր խմբագրությունում հյուրընկալել էինք դերասան Լևս Դավթյանին, ով հեռուստադիտողներին առավել հայտնի է «Եռաչափ սեր» սերիալից, «Yere1» ծրագրից: 24-ամյա դերասանը անկեղծորեն պատասխանեց ESem.am-ի հարցերին, խոսեց առաջիկա ծրագրերի ու հայտնի ընկերուհիների մասին:)
- «Yere1»-ի նոր եթերաշրջանում ևս մասնակցություն ունես: Նույն կերպարո՞վ ես ներկայանալու, թե՞ փոփոխություններ են տեղի ունեցել:
- Այո, «Yere1»-ի նոր եթերաշրջանում ևս նկարահանվում եմ, որին հեռուստադիտողը կարող է հետևել հոկտեմբերի 12-ից: Ասեմ, որ որոշ փոփոխություններ են եղել, սակայն ոչ իմ կերպարի հետ կապված: Նախագծի երկու սկեչեր փոխարինվել են նորերով, իսկ հին սկեչերում էլ նոր կերպարներ են ավելացել: Ես նույն կերպարով եմ ներկայանալու. մարմնավորում եմ Սուրիկին և ասեմ, որ արդեն ամուսնացել եմ ընկերուհուս հետ:) Ստերի շարանը շարունակվում է, մենք ուրիշի ամառանոցում պահակություն ենք անում և ասում, թե դա մերն է: Այլ կերպարով հանդես չգալը պայմանավորված էր նրանով, որ մեր սկեչը ստացվել էր:
- Իրական կյանքում կարծես չես սափրվում, իսկ կերպարում քեզ սափրված ենք տեսնում: Հե՞շտ ես համաձայնում սափրվել և հանուն կերպարի, նոր դերերիի էլ ի՞նչ փոփոխությունների ես պատրաստ:
- Դե նկարահանումներն ամսական երկու-երեք անգամ եմ լինում և այդ ժամանակ եմ սափրվում: Ասեմ, որ երկու շատ հակասական կարծիքներ եմ լսել, ասում են, որ ինձ սափրված է սազում, կամ հակառակը: Մոտ ութ տարի է' «թրաշ» ունեմ, արդեն սովոր եմ հայելու մեջ ինձ չսափրված տեսնել: Իսկ հանուն դերի պատրաստ եմ, օրինակ, մազերս կանաչ ներկել, եթե «Warner Brothers» -ից հրավեր ստանամ:
- Մինչ «Yere1»-ում նկարահանվելը «Եռաչափ սեր» սերիալում էիր խաղում: Հեռուստատեսային ո՞ր ժանրն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Սա ընդհանրապես իմ ժանրը չի եղել: Հանգամանքների բերումով հայտնվեցի այստեղ, ինչի համար ուրախ եմ: Ավելի լավ է խաղաս կոմեդիա, թեթև սկեչային ժանր, քան չարդարացված տրագեդիա, որը կա այսօրվա սերիալներում: «Եռաչափ սերն» էլ երիտասարդական էր, որտեղ ողբ, լաց, կորած մարդիկ ու ճաքած ճակատագրեր չկային: Բնականաբար, դերասանի համար ավելի հոգեհարազատ են այն կերպարները, որոնցում նա բացվելու տեղ ունի: Այդ առումով, եթե համեմատենք սկեչն ու սերիալը, դերասանի համար սերիալն ավելի հետաքրքիր է: Բայց այսօրվա դրությամբ չեմ տեսնում մի սերիալ, որում կցանկանայի խաղալ:
- Իսկ կա՞ ոլորտ, որում կցանկանաս առաջիկայում դրսևորվել ու շարունակել դերասական ուղիդ:
- Միանշանակ, այդ ոլորտը միշտ եղել է թատրոնը: Առաջիկայում էլ նոր ներկայացում ունենք' «Գիշատեիչների խնջույքը», որը հետաձգվում է, քանի որ դերասանուհիներից Սոնա Մաթևոսյանը ԱՄՆ-ում է:
- Այսինքն' հեռուստատեսության հետ կապված ծրագրեր չունե՞ս:
- Հարցարույցներից մեկում ևս նշել եմ, որ այս դաշտն այնքան նեղ է ու այնքան «քավոր-սանիկացված», որ, կարծես, ելք չկա: Գեղարվեստական ֆիլմեր նկարահանողներից ամեն մեկն իր թիմն ունի ու նույն մարդկանց հետ է աշխատում. առանձին կուսակցություններ են էլի մեր պրոդյուսերներն ու ռեժիսորները: Հեռուստատեսության հետ ծրագրերս կապում եմ Արմեն Պետրոսյանի' Մենչի հետ, իրար հետ դեռ աշխատելու ենք, ձմռանը նոր նախագծեր կլինեն, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ. այժմ նախապատրաստական աշխատանքներն են տարվում:
- «Ես եմ»-ը առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերում էիր: Դրանից հետո այլ ֆիլմերում խաղալու առաջարկներ չեղա՞ն:
- Մինչև «Ես եմ»-ը' 2009-ին խաղացել եմ «Արտիստը» ֆիլմում' մարմնավորելով արտիստի ընկերոջը: Կարծում եմ՝ այդ ֆիլմն այնքան էլ ստացված չէ: Ճիշտ է, այն կինոյի օրենքներով է նկարահանված, բայց մի տեսակ հեռուստաթատրոնի է նման: Այդ ֆիլմը չեմ սիրում նաև այն պատճառով, որ նկարահանվելուց հետո բանակ գնացի ու իմ կրկնօրինակումը մեկ ուրիշն արեց: «Ես եմ»-ից հետո միանգամից սերիալային առաջարկ եղավ Արմեն Պետրոսյանի կողմից ու սկսեցի նկարահանվել «Եռաչափ սեր»-ում: Անպայման ուզում եմ նշել, որ «Ես եմ»-ում խաղացել եմ վարպետ Սոս Սարգսյանի հետ և մեծ ցավ ապրեցի նրա մահվան լուրը լսելիս: Համ տխրում եմ, համ էլ նոր եմ հասկանում, թե ինչ մեծ երջանկություն է նման մեծության հետ նույն ֆիլմում խաղալը: Իմ կյանքի ամենալուսավոր էջն էր մեր համատեղ ֆիլմը:
- Գեղարվեստական ֆիլմերի համար մի շարք քասթինգներ են արվում: Մասնակցո՞ւմ ես դրանց:
- Գիտեմ, որ լինում են, սակայն չեմ մասնակցում դրանց, որովհետև ծիծաղելի մարդկանց եմ տեսնում ժյուրիի կազմում: Մարդիկ կան ընդգրկված, ովքեր ոչ դրա իրավունքն ունեն, ոչ կրթությունը, ոչ էլ ճանապարհ ունեն անցած' ինձ ու իմ դերասան ընկերներին ընտրելու համար: Ոչ թե իրենք պետք է մեզ ընտրեն, այլ հակառակը' մենք բավականին բան կարող ենք սովորեցնել նրանց: Չգիտեմ, շատ ծիծաղելի է, չեմ կարող գնալ ու ինչ-որ սերիալային ողբ ու լացով դերասանուհի շատ լուրջ դեմքով ինձ ընտրի. դա մի տեսակ վիրավորական է:
- Նշեցիր, որ թատրոնն այն ոլորտն է, որում կցանկանաս անել քո հետագա քայլերը: Որևէ թատրոնում որպես դերասան չես աշխատում. ո՞րն է պատճառը, առաջարկներ չկա՞ն և ինչպե՞ս ես կարողանում թատրոնիդ քաղցը հագեցնել:
- Արդեն ութ տարի է' թատերական ասպարեզում եմ: Ինքս հրաժարվել եմ որևէ թատրնում աշխատել, նույնիսկ չեմ էլ փորձել. առաջարկներ, հնարավորություններ եղել են, սակայն չեմ ընդունել, որովհետև այսօրվա թատրոններում շատ տաղանդավոր դերասանների կողքին անհասկանալի անորակների եմ տեսնում: Նայում ես, ներկայացման մեջ ընդգրկված է շատ ուժեղ դերասան, ով խաղում է անտաղանդի հետ: պատճառներից մեկն էլ այն է, որ ես ազատություն եմ սիրում ու չեմ պատրաստվում իմ առօրյան, հոգսերը կապել թատրոնի 40 հազար դրամի հետ: Կարծում եմ՝ ես այդքան նվիրյալ չեմ, որ իմ նորմալ կյանքը փոխեմ 40 հազարի հետ: Արդեն չորս տարի է' համագործակցում եմ Երիտասարդ էքսպերիմենտալ թատերախմբի հետ, որի ռեժիսորը Աշոտ Հակոբյանն է: Տարբեր թատրոններից հավաքված լավ թիմ ունենք, և ես մեծ բավականություն եմ ստանում մեր ստեղծագործական խմբից, փորձերից: Այդպես լրացնում եմ թատրոնի քաղցս: Մենք ունենք մեր հանդիսատեսը և ներկայացումներն էլ լեցուն դահլիճներում ենք խաղում: «Գիշատիչների խնջույքը» այդ թատերախմբի հինգերերդ ներկայացումը կլինի:
Էքսպերիմենտալ թատերախմբի մի քանի ներկայացումներում ես հանդես եկել: Ո՞ր կերպարդ կառանձնացնես:
- Առաջին ներկայացումը, որում ընդգրկված էի, «40 օր համբառնալուց առաջ»-ն էր: Այդ ներկայացումը խաղում ենք արդեն չորս տարի: Այդտեղ մարմնավորում եմ գող, հանցագործ Գոգիին, ու ամեն անգամ բեմ բարձրանալիս բավականություն եմ ստանում. շատ բան եմ տալիս ու ստանում: Ինձ էմոցիոնալ դերասան եմ համարում: Եղել է, որ բեմում հուզվել եմ: Միշտ ռեժիսորն ու ընկերներս ասում են, որ չի կարելի ամբողջությամբ վերապրել դերը, որովհետև առողջությանը վնաս է, բայց սա այն ներկայացումն է, որ արժե առողջությանը վնաս տալ ու վերապրել:
- Ասում են՝ տղաները բանակից հետո փոխվում են: Քեզ մոտ նման փոփոխություններ նկատե՞լի են:
- Իհարկե, դառնում ես դիմացկուն, ինքնուրույն, շատ հարցերի այլ հայացքով ես նայում: Հարազատներիդ ավելի շատ ես կարևորում, որովհետև կարոտը բերում է դրան: Տղամարդ դառնալու համար ծառայությունը կարևոր է: Իմ ծառայությունը համեմատաբար ավելի հեշտ դասավորվեց, որովհետև ես և իմ ընկեր Մոսո Կարապետյանը («Եռաչափ սեր» սերիալի Մոսոյի դերակատարը,-հեղ) Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նամակ գրեցինք, որպեսզի Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում համ ներկայացումներում խաղայինք, համ էլ երեխաների խմբակում դասավանդեինք:
- Հայտնի ընկերներդ բավականին շատ են: Ովքե՞ր են նրանք: Հիմնականում կուսրընկերնե՞րդ են, թե՞ գործընկերներդ:
- Նրանց մեջ և՛ կուրսընկերներ կան, և՛ այլ ընկերներ: Իմ ընկերներն են Մոսո Կարապետյանը, Դավիթ Մարդյանը, Գնել Ուլիխանյանը, Արսեն Լևոնյանը, Սոնա Մաթևոսյանը, Կարապետ Բալյանը, Մովսես Երեմյանը և այլք:
- Ասում են՝ կնամոլ ես ու ամեն օր սիրահարվում ես:
- Ճիշտն ասած, նորմալ է: Կարծում եմ՝ առողջ տղամարդն ամեն օր էլ սիրահարվում է: Շատ եմ սիրում աղջիկերին, բայց, չգիտեմ, դրան կարելի է կնամոլ ասել: Ամեն օր սիրահարվելը գուցե պայմանավորված է նրանով, որ փնտրում եմ ինչ-որ մեկին ու չեմ գտնում:
- Այսինքն՝ միշտ սիրահարվու՞մ ես, թե՝ եղել է, որ սիրել ես:
- Կյանքում մեկ անգամ եմ սիրել շատ ուժեղ, իսկ դրանից հետո միշտ սիրահարվել եմ: Նա ևս դրասանուհի է, բայց փակագծեը չեմ բացի, որովհետև ամուսնացել է: Ամեն անգամ սիրահարվելիս' կարծես առաջին անգամ լինի, որովհետև շատ եմ նվիրվում ու այդքան էլ շուտ հիասթափվում եմ: Փնտրում եմ այն ամենաուժեղ աղջկան, ով կկարողանա ինձ պահել, որովհետև ես գնացող եմ:
- Իսկ բոլոր սիրահարվածություննե՞րդ են սիրավեպ դառնում:
- Բոլորը չէ, բայց հաճախ են լինում: Նույնսիկ թիվն էլ եմ կորցրել: Կարող է ինչ-որ մեկի հետ մեկ ամիս ընկերություն անեմ, մեկի հետ էլ' մեկ օր: Իսկ ամենաերկարը այն դերասանուհու հետ է եղել, ում սիրել եմ:
- Իսկ տպավորված սիրավեպ ունեցե՞լ ես, որը տարբերվել է մյուսներից:
- Ասեմ, որ դերասանների, համենայն դեպս ինձ մոտ այդպես է. եթե որևէ աղջկա հետ խաղում եմ ֆիլմում կամ ներկայացման մեջ, ապա սիրահարվում են նրան: Տպավորված սիրավեպս եղել է իմ առաջին սիրո ժամանակ' աշնանը, այգում, շատ մաքուր ու գեղեցիկ: Դրա համար էլ աշունը մինչ հիմա շատ եմ սիրում: Ի դեպ, նրա հետ էլ եմ ծանոթացել նույն ներկայացման մեջ խաղալիս, որտեղ, սակայն, որպես զույգ չէինք ներկայանում:
- Գիտեմ նաև, որ ուսանողական տարիներին ընկերուհիներ ես ունեցել, ովքեր այսօր բավականին հայտնի են: Կբացահայտե՞ս:
- Երգչուհի, դերասանուհի, նկարչուհի… կամ հայտնի մարդու աղջիկ, շատ ընկերուհիներ եմ ունեցել, սակայն չեմ բացահայտի: Ասեմ միայն, որ ձեռքս խերով է, մեծամասնությունն ամուսնացել է:) Ի դեպ, իրենցից ոչ մեկի մասին մեկ այլ մարդու մոտ չեմ պատմում:
Ասում են՝ այժմ Սոնա Մաթևոսյանի հետ ես ընկերություն անում:
Ինձ ու Սոնային հաճախ կարող են միասին տեսնել: Նույիսկ մեր մոտ ընկերներն են մեկ-մեկ հարցնում, կարո՞ղ է ինչ-որ բան կա: Չէ, Սոնան իմ միակ աղջիկ ընկերն է, ում հետ հասկացել եմ, որ տղայի և աղջկա միջև կարող է իսկական ընկերություն լինել: Իրեն շատ եմ սիրում ու կարոտում: Միշտ կատակով ասում եմ' հանկարծ չամուսնանաս, մինչև ես չամուսնանամ:)
-Ի վերջո, մտածո՞ւմ ես, ինչպիսին պետք է լինի այն աղջիկը, ով քեզ կպահի:
- Ինձ համար ամենակարևորն այն է, որ աղջիկը զարգացած լինի ու իմ ընկերը դառնա: Կարծում եմ՝ ծանրամարտիկ կին չեմ ունենա: Ի դեպ, նա նաև գեղեցիկ պետք է լինի:
Հարցազրույցը' Արևիկ Իսաջանյանի