Բավականին երկար ժամանակ է՝ հեռուստաեթերում չի երևում հայկական շոու բիզնեսի ամենաինքնատիպ և սիրված երգչուհիներից մեկը՝ Հասմիկ Կարապետյանը: Որտեղ է Հասմիկը, ինչով է զբաղվում և ճի՞շտ են այն խոսակցությունները, որ նա ընդմիշտ հեռացել է երգարվեստից: Այս և այլ հարցերի շուրջ MediaMall.am-ը զրուցեց սիրված երգչուհու հետ:
- Հասմիկ, 1990-ականներից մինչև օրս Դուք երգում եք նույն ոճում առանց որևէ փոփոխությունների, արդյոք Ձեր երգացանկը հնարավորություն է տալիս մասնակցելու կոմերցիոն միջոցառումների:
- Ես ինձ հեղինակ կատարող եմ համարում, քանի որ ստեղծագործում եմ տասներեք տարեկանից, բնականաբար ունեմ իմ ձեռագիրը երգարվեստում: Երգացանկս չեմ համարում կոմերցիոն, թեև երգել եմ նաև պարային, ակումբային ոճում: Չեմ կարծում, որ այն ինձ հնարավորություն է տալիս հաճախակի մասնակցելու կոմերցիոն միջոցառումների, որովհետև այսօր ավելի շատ են երգում միջոցառումներին երգիչներ, ովքեր մտածում են ռեստորանային-պարային երաժշտության, ռաբիզի կամ 6-8-ի մասին: Դա է հիմնականում պահանջարկը: Իսկ ինձ, օրինակ, հրավիրել են երգելու հարսանքի, որտեղ հարս ու փեսան իմ երկրպագուներն են եղել և նույնիսկ նշել են, թե որ երգերս կատարեմ այդ օրը, ինչն էլ ինձ շատ է ուրախացրել: Կամ Մոսկվայում մասնակցել եմ հայերի հարսանիքի, որտեղ ելույթ են ունեցել Լեոնիդ Ագուտինը և Անժելիկա Վառումը:
- Հասմիկ ջան, տարիներ առաջ ավելի հեշտ էր լինել շոու բիզնեսում, իսկ հիմա ավելի դժվար է, պետք է ունենալ շատ գումար, ծանոթ կամ «լավ թիկունք», կամ էլ լավ թիմ: Ինչպե՞ս եք ապահովում Ձեր շարժը հայկական էստրադայում և արդյո՞ք Հայաստանում կա շոու բիզնես:
- Կարծում եմ՝ Հայաստանում որոշ չափով կա շոու բիզնես ասվածը, իհարկե մեր երկրի չափերին և զարգացածությանը համապատասխան: Այլ հարց է, որ այն շատ թերի է և աճելու մեծ տեղ ունի: Չկա պրոդյուսերական դպրոց կամ շատ թույլ է: Ես հենց առաջին օրվանից էլ միայնակ եմ կերտել ստեղծագործական ճանապարհս, չնայած միշտ իմ ճանապարհին հանդիպել եմ մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տվել զարգանալ երգարվեստում, սովորեցրել են, օգնել՝ իրենց հնարավորությունների չափով, քանի որ իմ մեջ նկատել են անկեղծ արվեստ ներկայացնելու շնորհը: Կարծում եմ՝ հենց դա է երգարվեստում հաջողության գաղտնիքը, արվեստում պետք չէ ստել: Հենց դրա շնորհիվ է , որ կարողանում եմ երգերս հասցնել մարդկանց սրտերին ու հոգիներին, և վայելել նրանց սերն ու համակրանքը:
- Հասմի՛կ, Դուք վերջին շրջանում հանդես եկաք հաղորդավարի կարգավիճակում, վարեցիք հաղորդում, որը դիտում էին ամեն օր, որն էր մասնագիտության փոփոխության պատճառը և ինչու՞ հեռացաք հեռուստաեթերից:
- Հեռուստաեթերում աշխատելու իմ փորձը կայացել էր տարիներ առաջ, ես վարում էի «Սոլի բանալի» երաժշտական ծրագիրը: Այնուհետև Լոս Անջելեսում հայկական երաշտական հաղորդման` «Թոփ տասի հաղորդավարուհին էի: Բայց վստահորեն ուզում եմ նշել, որ իմ արհեստավարժ հաղորդավարուհու կարիերան ձեռք բերեցի «Արմենիա» հեռուստաընկերությունում: Ես չեմ փոխել մասնագիտությունս, ես ի սկզբանե եղել եմ հեղինակ-կատարող: Պարզապես երեք տարի հանդես եմ եկել որպես հաղորդավարուհի, ինչն էլ ուներ իր լավ ու վատ կողմերը: Այս տարվա հունվար ամսից ես չկամ հեռուստաընկերություններում, զգացի, որ եկել է պահը լռելու, որ հանդես գամ ոչ թե խոսքով, այլ նոր երգերով, ինչն էլ արեցի:
- Դուք երկար ժամանակ լռեցիք, ինչից ելնելով էլ համացանցում տարածվեցին նյութեր, որ Դուք հոգնել եք երգելուց, որոշել եք այլևս չերգել և զբաղվել բիզնեսով: Արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:
- Անչափ ուրախ եմ այն փաստի համար, որ ունեմ երկրպագուներ, որոնք միշտ հետաքրքրվում են թե՛ իմ անձով, թե՛ իմ արվեստով: Ես նախընտրում եմ հայտվել այն ժամանակ, երբ ունեմ ասելիք: Եթե լռել եմ՝ դա չի նշանակում, որ որոշել եմ հեռանալ երգարվեստից: Դրանք սխալ մեկնաբանություններ են, անհիմն: Լռել էի, որպեսզի նոր հեգևոր ինֆորմացիա կուտակվի, որն էլ կհանձնեմ երկրպագուներիս՝ երգերի տեսքով: Նրանք ինձանից միշտ որակով երգեր են սպասում: Իսկ բիզնեսով դեռ չեմ զբաղվում, բայց, ինչու ոչ, դա էլ հնարավոր է: Իսկ երգելուց չեմ հոգնում, դա իմ ապրելակերպն է, տեղեկացնեմ երկրպագուներիս, որ ևս մի նոր երգ է սպասվում իրենց համար: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:
- Հնարավո՞ր է՝ որոշ ժամանակ անց Ձեզ լսենք 6-8-ի շրջանակում, ինչն էլ այսօր համարվում է եկամտաբեր երգարվեստ, թե՞ այնուամենայնիվ կոմերցիոնը Ձեզ չի կոտրի:
- Կարծում եմ՝ այն թվով քիչ երգչուհիներից եմ, ով կարողանում է չդավաճանել իր ձեռագրին և սկզբունքներին: Արդեն մոտ տասնհինգ տարի է բեմում եմ և 6-8 կամ այլ նամանատիպ երգեր չեմ կատարել՝ ոչ թե այն պատճառով, որ այն վատն է, այլ այն, որ հոգուցս չի բխում: Եթե մինչև օրս չեմ «կոտրվել», ինչպես Դուք նշեցիք, ուրեմն այդպես չի էլ լինի: Ես նախընտրում եմ չձուլվել, պահել դեմքս ամեն գնով:
Հարցազրույցը վարեց Դավիթ Պոլոյանը
Լուսանկարները Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից