Facebook սոցկայքի օգտագործումն օգնում է մարդկանց տպավորություն ստեղծել, որ իրենք միշտ կապի մեջ են, սակայն դա նրանց ավելի երջանիկ չի դարձնում, պարզել են ԱՄՆ-ի մասնագետները, որոնց հետազոտությունը հրապարակված է Plos One ամսագրում, գրում է РИА Новости-ն։
Միչիգանի համալսարանի հետազոտողների տվյալներով՝ որքան շատ է մարդը ժամանակ անցկացնում սոցկայքում, այնքան պակաս է նրա բավարարվածությունը սեփական կյանքից։ Մարդիկ իրենց ավելի երջանիկ չեն զգում՝ պահպանելով հարյուրավոր վիրտուալ կապեր։
«Թվում է, թե Facebook-ն անգնահատելի հնարավորություն է ընձեռում շփման մեջ մարդու պահանջների բավարարման համար։ Սակայն միևնույն ժամանակ, կյանքի բավարարվածությունը բարձրացնելու փոխարեն այն հանգեցնում է հակառակ արդյունքի՝ նվազեցնում է այն»,- ասում է հոգեբան Էթան Քրոսը՝ Միչիգանի համալսարանին կից Սոցիալական հետազոտությունների ինստիտուտից։
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցաքննել են 82 չափահաս օգտատերերի, որոնք օգտվում են Facebook-ից սմարթֆոնների միջոցով։ Երկու շաբաթ օրական 5 անգամ տարբեր ժամերի հեղինակները կամավորներին հաղորդագրություններ են ուղարկել՝ «Ինչպե՞ս ես դու քեզ զգում հենց հիմա», «Որքա՞ն ես դու հուզված այժմ», «Որքանո՞վ ես դու քեզ միայնակ զգում» և այլն։
Հեղինակները խնդրել են մասնակիցներին գնահատել կյանքից բավարարված լինելու աստիճանը հետազոտության սկզբում և վերջում և պարզել, որ որքան շատ է մարդ օգտվում Facebook-ից, այնքան ցածր է բարեկեցության զգացողությունը։ Ընդ որում՝ մարդկանց հետ շփումը դեմ առ դեմ կամ հեռախոսի միջոցով լավացրել է մասնակիցների ինքնազգացողությունը։