Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Shamshyan.com–ի հարցազրույցում պատմում է իր անցած ճանապարհի և ժամանակակից աշխարհի հետ իր ներքին զրույցի մասին։

- Ինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը: Արդյո՞ք ինքնամփոփ երեխա էիք:

- Ինձ համար անցյալից կառչողը խնդիրներ ունեցող մարդն է: Մանկության տարիների մասին ինձ հիշեցնում են լրագրողներն ու աղջիկս: Ես ապրում եմ ներկայով և մտածում ապագայի մասին: Այնուամենայնիվ, մանկությունից լավ հիշողություններ ունեմ. շատ ուրախ, զվարթ օրեր էին, որոնք կապված էին արվեստի' պոեզիայի, երաժշտության հետ: Իմ հայրը դերասան չդարձավ, բայց իր հոգու խորքում միշտ եղել է արտիստ: Նա մեզ սովորեցնում էր հայ, ռուս դասականների բանաստեղծություններ: Մեր տանը կազմակերպում էինք հանդեսներ' հորս գլխավորությամբ: Մանկությունս ասոցացվում է լավ մարդկանց հետ, որոնք նստում էին սեղանի շուրջ, պատմում տարբեր պատմություններ: Մանկության տարիներից միայն լավ հիշողություններ են, նույնը չէի ասի պատանեկության տարիների մասին: Պատանեկությունս համընկավ 88-ի շարժման և դրան հետևած դժվար տարիների հետ: Հիշում եմ' հայրս' ստեղծագործ, կյանքը մի գաղափարի համար ապրած և սերունդներ կրթած մարդ, գնում էր այգու ծառերն էր կտրում, որ իր երեխաներին կարողանար տաքացնել:

- Ո՞րն է Ձեր հոր տված կարևոր խորհուրդը:

- Երբ ասում էին, որ հորս կորցնելուց հետո ավելի եմ զգալու նրա կարիքը, կարծում էի, թե մարդիկ են , ինչ-որ բաներ են խոսում… Բայց, իսկապես, ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել նրա բացակայությանը, ամեն վայրկյան ունեմ նրա կարիքը: Իմ պապան ոչ միայն կենսաբանական հայր էր, այլև շատ լավ ընկեր, խորհրդատու: Պատահական չէ, որ ընտրեցի ինձանից տարիքով բավական մեծ ամուսին: Ես հիմա եմ հասկանում' ինչու, առաջ չէի հասկանում: Հայրս ինձ համար իսկապես իդեալ է եղել: Ինչ վերաբերում է խորհրդին, միշտ ասում էր, որ ես միայն մեկ թերություն ունեմ' անզուսպ եմ' անզուսպ իմ ցանկություններում, իմ բառերի, էմոցիաների մեջ: Ասում էր' «աշխատիր քո զսպվածության վրա, եղիր ավելի կառավարելի, ավելի զուսպ և համբերատար»: Սա մեխի պես տպավորվել է մեջս:

- Ընկերներ շա՞տ ունեք, Լուիզա, թե միայնություն եք սիրում:

- Չեմ սիրում մենակություն: Տարիներ առաջ ձգտում էի մենակության, հիմա' ոչ: Բայց չեմ էլ սիրում շատ ակտիվ, մարդաշատ միջավայր: Չունեմ շատ ընկերներ, որովհետև առաջ շատ ունեի: Կյանքը «մաղեց» նրանց: Նրանք, գուցե, շատ լավ մարդ են, գուցե, ես եմ սխալվել, որ ընկերությունը չշարունակվեց: Կյանքի դասերը հանգեցրին նրան, որ հիմա ունեմ քիչ, բայց իսկական ընկերներ:

- Ի՞նչ եք կարծում' ներկայում ի՞նչ է պետք կնոջը' հաջողության հասնելու համար: Արդյո՞ք միշտ նույնն են հաջողության հասնելու միջոցները, թե 21-րդ դարն իր պահանջներն է թելադրում:

- Իհարկե, ժամանակի ազդեցությունը շատ մեծ է թե կնոջ, թե տղամարդու ինքնադրսևորման վրա, բայց մեծ հաշվով, կարծում եմ, որ մարդը ինքն է որոշում իր ճակատագիրը, նաև' թե ինչպես պետք է հասնի ձգտումներին: Մի լավ խոսք կա' «ուզո՞ւմ ես լինել երջանիկ, եղիր»: Թե ինչպես ես հասնում դրան, քո գործն է և քո որոշումը: Մեկի համար դա ցանկացած պատ և բարոյական նորմ քանդելը և ամեն գնով ուզածին հասնելն է, բայց մարդ էլ կա, որի համար հստակ սահմանափակումներ են դրված: Ասենք, նա երբեք չի կարող ուրիշի երջանկության հաշվին կառուցել իր երջանկությունը:

- Տղամարդու ո՞ր հատկանիշն եք ամենաշատը գնահատում:

- Ես դրական եմ ընկալում տղամարդկանց և առաջին հերթին նրանց մեջ դրական հատկանիշներ եմ փնտրում: Տղամարդկանց ավելի ընդունում եմ, քան հակառակը: Կան կանայք, ովքեր տղամարդկանց մեջ տեսնում են հակառակորդի, որսորդի, շան: Կարծում եմ' այդպիսի կանանց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթացել: Ես գնահատում եմ տղամարդկանց, կարևորում եմ նրանց անհրաժեշտությունը կնոջ կյանքում: Կինը կին է, երբ իր կողքին կա տղամարդ, որի ուսին կարող է հենել գլուխը: Չեմ սիրում, երբ տղամարդը չունի հումորի զգացողություն, տգետ է, ձեռնփակ է և, իհարկե, չեմ կարող հանդուրժել ինքնասիրահարված, փառասեր տղամարդկանց:

- Ասում են' կանայք հազվադեպ են ներում տղամարդու խանդը, բայց գրեթե երբեք չեն ներում դրա բացակայությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Վստահ եմ, որ կա խանդ: Իմ մեջ էլ կա, պարզապես հաճախ թաքցնում եմ, փորձում եմ հորս խորհուրդը հիշելով զսպել այդ ամենը: Ամուսնուս պարագայում վստահ եմ, որ կա. եթե ոչ ավելի շատ, քան ինձանում, որովհետև շփվում եմ տարբեր տարիքի և տարբեր արտաքին ունեցող մարդկանց հետ: Բայց մենք դրան տեղի չենք տալիս: Հազարից մեկ, երբ զգում եմ, որ մեր կյանքը մի քիչ անհետաքրքիր է դառնում, խանդի թեման արհեստականորեն բարձրացնում եմ: Ընդամենը այդքանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։