Կինը ներկայումս չափազանց շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում, միաժամանակ դաստիարակում է երեխաներին, հետևում տան կարգուկանոնին ու վարում տնտեսությունը: Այս ամենով հանդերձ' նա պետք է ժամանակ գտնի զբաղվելու իր արտաքինով ու լինի խնամված: Միշտ կանացի լինելու համար պարտադիր չէ ողջ օրը գեղեցկության սրահներում անցկացնել: Բավական է պարբերաբար հետևել արտաքինին՝ դրա համար օգտագործելով մատչելի բնական միջոցներ, որոնք պակաս արդյունավետ չեն, որքան թանկարժեք կոսմետիկան:
Օրինակ' եթե դուք որոշել եք ազատվել Ձեր կրկնակզակից, փորձեք Ձեզ սովորեցնել ամեն անգամ հայելու դիմաց կանգնելիս (բնականաբար այն ժամանակ, երբ Ձեզ ոչ ոք չի նայում) ափերի հակառակ կողմերով մերսող հարվածներ հասցնել կրկնակզակին: Եթե դրա հետ մեկտեղ օրվա մեջ 5-6 անգամ կատարեք հատուկ վարժություն՝ բերանի և վզի մկանների լարումով արտաբերելով Օ, ՈՒ, Ի հնչյունները, Ձեր կզակը կարճ ժամանակում կընդունի իր նորմալ տեսքը:
Դուրս ցցված և կախված փորի դեմ պայքարելու համար նույնպես գոյություն ունի շատ արդյունավետ միջոց՝ փորի շրջանաձև մերսումը: Փորը հիմնականում ուռչում կամ կախ է ընկնում աղեստամոքսային ուղու վատ գործունեության հետևանքով: Եթե նման խնդիր առկա է, խորհուրդ է տրվում լոգանք ընդունելիս կամ էլ երեկոյան՝ քնելուց առաջ, 2-3 րոպե ձեռքի ափերով ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանաձև շարժումներով մերսել փորը:
Լոգանք ընդունելուց հետո, կանգնեք հայելու առջև, ծալեք արմունկները՝ ձեռքի ափերը ամուր իրար սեղմելով կրծքավանդակի դիմաց և ձգելով կրծքամկանները: Ցանկության դեպքում վարժությունը կարող եք ավարտել սառը ցնցուղով, վայրկյանների ընթացքում կրծքի մաշկը և մկանները ավելի ձիգ կդառնան: Մաշկի խնամքի համար օգտագործեք տարբեր դիմակներ, քսուքներ, աշխատեք զերծ մնալ սթրեսներից:
Չպետք է մոռանալ նաև եղունգների ու մազերի խնամքի մասին: Եթե հնարավորություն չունեք եղունգների խնամքին շատ ժամանակ հատկացնելու, ապա ավելի լավ է դրանք շատ երկար չթողնել, քսել բաց գունավորմամբ լաքեր: Հավատացեք, անհավասար, կոտրտված եղունգները, որոնց լաքը թարմացվել է մոտ երկու շաբաթ առաջ, մեղմ ասված, տգեղ են: Հետևեք նորաձևությանը, իհարկե, ընտրելով այն հագուստը, որը Ձեզ ու Ձեր տարիքին ավելի համապատասխան է:
Եթե դուք ստիպված եք նստել տանը և զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ապա ձեր կրթական մակարդակը փորձեք բարձրացնել գրքեր ընթերցելու, ինտերնետի կամ ճանաչողական հեռուստահաղորդումների միջոցով: Այս կերպով Դուք հետ չեք մնա կյանքից և միշտ իրազեկ կլինեք աշխարհի անցուդարձին:
Մի՛ հետաձգեք վաղվա օրվան այն, ինչ ուզում եք իմանալ կամ ուսումնասիրել այսօր: Հենց այսօրվանից սկսեք զբաղվել սպորտով, ուսումնասիրեք օտար լեզուներ, կարդացեք հետաքրքրաշարժ և օգտակար գրականություն: Ապրեք այսօրվա օրով և վայելեք այն՝ չզրկելով Ձեզ երջանիկ զգալու և ծիծաղելու հաճույքից: Ու վերջում, սիրեք ինքներդ Ձեզ և գովաբանեք ցանկացած հաջողության համար: