Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակցուհի Աննա Չապմանը, ով 2010-ին ԱՄՆ-ում հայտնվել էր լրտեսական սկանդալի կենտրոնում, իր սիրտն ու ձեռքն է առաջարկել ամերիկյան իշխանությունների կողմից հետախուզվող Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտնում է tert.am-ը` հղում տալով РИА Новости-ին։
«Սնոուդեն, կամուսնանա՞ս ինձ հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է 31-ամյա Չապմանը։
«Կարմրահեր ճակատագրական կինը եղել է հակիրճ և բարեհամբույր»,- այսպես է Չապմանի գրառումը մեկնաբանել բրիտանական Daily Mail թերթը։
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնի տվյալներ հրապարակած 30-ամյա Սնոուդենն արդեն 2 շաբաթ է գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ Նա քաղաքական ապաստան է խնդրել ավելի քան 20 երկրից, սակայն դեռևս ոչ ոք նրան ընդունելու պատրաստակամություն չի հայտնել։