PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy NX ֆոտոխցիկը: Samsung NX շարքի սարքավորումներից այն առանձնանում է նրանով, որ աշխատում է Google Android պլատֆորմով:
Galaxy NX-ը արտաքնապես նման է շարքի նախորդ մոդելներին: Սարքը սմարթֆոնի ու NX20 ֆոտոխցիկի հիբրիդ է. ունի 4,8-դյույմանոց սենսորային HD էկրան, 1,6- ԳՀց 4-միջուկային պրոցեսոր (նաև հատուկ պրոցեսոր ֆոտոնկարահանման համար):
Ֆոտոխցիկն ունի ներկառուցված 16 ԳԲ ֆլեշ-կուտակիչ, microSD քարտերի համար նախատեսված բնիկ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն ու թվային դիտան: Galaxy NX-ը նաև Wi-Fi ու LTE-ի հնարավորություն ունի, ինչը թույլ է տալիս լուսանկարները ներբեռնել միանգամից ֆոտոխցիկի միջոցով:
Galaxy NX-ը կարող է 1080p վիդեոնկարահանում իրականացնել 50 կադր/վ հաճախականությամբ:
Android օպերացիոն համակարգի շնորհիվ կարելի է օգտագործել Google պլատֆորմում հասանելի բոլոր հավելվածների առավելությունները, այդ թվում' Instagram-ը, Facebook-ը, Twitter-ն ու այլ:
Samsung-ը դեռ չի հայտնում վաճառքի մեկնարկի ժամկետներն ու արտադրանքի արժեքը, բայց, հաշվի առնելով շարքի մյուս արտադրանքների գները, Galaxy NX-ի գինը, հավանաբար, կտատանվի $1000 սահմաններում' ներառված ստանդարտ օբյեկտիվը: