Ժամանակակից էստրադային երաժշտության աստղ, կինոյի եւ թատրոնի սիրված արտիստուհի Քրիստինա Օրբակայտեն ծնվել է 1971թ-ի մայիսի 25-ին Մոսկվայում:

Ծնված օրվանից շրջապատված է եղել ստեղծագործող անձանցով, մայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, «կենդանի լեգենդ» Ալլա Պուգաչովան է, հայրը՝ ազգությամբ լիտվացի Միկոլաս Օրբակայտեն է՝ կրկեսի դերասան: «Իմ հայրիկը անփոխարինելի Ձմեռ պապ է ցանկացած միջոցառման ժամանակ: Երբ ինձ հարցնում են՝ հավատում եմ Ձմեռ պապին, ես ասում եմ՝ այո´, ես իր աղջիկն եմ»,- խոսելով իր հոր մասին՝ ասում է երգչուհին: Մորից Օրբակայտեն ժառանգել է անկրկնելի եւ բացարձակ երաժշտականությունն ու սերը դեպի երգը, իսկ հայրը նրան տվել է շարժումների պլաստիկա եւ արտիստիզմ:

Փոքրիկ Քրիստինան սովորել է հատուկ թեքումով անգլիական դպրոցում, իսկ դասերից հետո հաճախել երգի, դաշնամուրի: Այս ամենից բացի, Քրիստինան, հաճախելով Մեծ թատրոնի բոլոր ներկայացումներին, համոզում է ծնողներին իրեն տանել քննության՝ բալետի դպրոցում: Նրան առանց երկմտելու ընդունում են՝ նկատելով նրա մեջ եղած պլաստիկան: Սակայն մեկ տարվա պարապմունքներից հետո, թողնում է բալետը՝ իհարկե, սովորելով գերազանց բալետ պարել: Հեռուստատեսությամբ նրա առաջին նորամուտը եղել է յոթ տարեկանում՝ «Արեւը ժպտում է» երգի կատարմամբ, իսկ արդեն 1982թ-ին «Առավոտյան փոստ» ծրագրի շրջանակներում արդեն ելույթ ունեցավ բեմից՝ կատարելով Իգոր Նիկոլաեւի երգերից:

Սակայն հանդիսատեսի սերը Քրիստինան վաստակել է ոչ թե իր երգելով, այլ ֆիլմերում նկարահանումներով: Ռեժիսյոր Ռոլան Բիկովը հազարավոր դպրոցականների է տնտղում «Չուչելո» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու համար՝ վերջում կանգ առնելով հենց Քրիստինայի վրա: Նա կարողանում է հոյակապ ներկայացնել դպրոցական աղջնակի կերպարը, ով ամեն ինչ անում է իր ազատության, ոչ մեկից կախվածության մեջ չլինելու եւ, ի վերջո, լիելու այնպիսին, ինչպիսի՝ կա: Այն ժամանակ երեք ու կես ամիս Քրիստինան անցկացրել է նկարահանման հրապարակում՝ աշխատելով եւ գործ ունենալով իրենից մեծ դերասանների հետ: «Ես 11 տարեկանից աշխատել եմ, դեռ այն ժամանակվանից ինքնուրույն ու ազատ եմ եղել: Ես այդպես ապրել եմ եւ կապրեմ. տեսակով այդպիսին եմ՝ ազատ, անկախ»,- հիշում է Քրիստինան:

1992թ-ից սկիզբ է դրվում Օրբակայտեի երգչուհու կարիերային: Մեկը մյուսի հետեւից թողարկվում են Օրբակայտեի երգերը, նկարահանվում տեսահոլովակներ, որոնցից առաջինները եղել են «Позови меня» եւ «Горькое похмелье»: Տրամադրելով բավականաչափ ժամանակ երգարվեստին՝ Քրիստինան չի անտեսում իր մյուս հետաքրքրությունները եւս՝ խոսքը կինոյում նկարահանումները շարունակելու մասինն է: Նկարահանվում է մի շարք ֆիլմերում՝ ունենալով մեծ հաջողություններ:

Բացի երգից եւ կինոյից, Քրիստինան ունի եւս մեկ շատ մեծ թուլություն՝ դա սերն է դեպի թատրոնը: Ունենալով համապատասխան կրթություն՝ նա խաղում է «Երկուշաբթի հրաշքից հետո» ներկայացման մեջ, որից հետո մշակույթի նախարարությունից ստանում է մրցանակ՝ որպես լավագույն կին դերակատար: Դրանից հետո շարունակում է խաղալ Երմոլովի անվան թատորնում: 1995թ-ին Քրիստինան հիմնում է «Չուչելո» խումբը, որտեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երգիչներ եւ պարողներ:

Տարբեր մրցույթներում Քրիստինա Օրբակայտեն հաճախ է արժանանում «լավագույն երգչուհի» կոչմանը, ունի թողարկված տասներկու ալբոմ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, սակայն դա նրան չի խանգարում շարունակելու ստեղծագործել թե´ դերասանական աշխարհում, թե´ երգարվեստում:

1991թ-ին ծնվում է Քրիստինայի առաջնեկը՝ Նիկիտան, իսկ մի քանի տարի անց՝ լույս աշխարհ է գալիս երգչուհու երկրորդ որդին՝ Դենին: «Մայրս ինձ սովորեցրել է լինել վճռական եւ հաստատակամ, ինքս էլ փորձում եմ տղաներիս նույն կերպ դաստիարակել»,- պատմում է Քրիստինան: 2005թ-ին երգչուհին ամուսնանում է ամերիկացի գործարարի հետ, որից էլ 2012թ-ին արդեն ունեցել է աղջիկ:

Գլխավորը՝ չնստես նույն տեղում եւ կանգ չառնես՝ բավարարվելով ձեռք բերածով:

Ամեն տարի ինձ ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում ապրելը, տպավորություններն ավելի վառ են դառնում:

Ոչ բոլորն են ինձ գեղեցիկ համարում, ինքս էլ եմ հաճախ կասկածներ ունեցել:

Ցանկացած տարիքում կարելի է փայլուն տեսք եւ հրաշալի զգացողություն ունենալ, եթե սիրում ես կյանքը:

Իրավիճակները տարբեր են լինում, բայց հարազատների հետ պետք է կարողանալ ժամանակին գնալ փոխզիջման եւ հասկանալ միմյանց:

Հիշողությունիցս արագ են ջնջվում տհաճությունները, դրա համար էլ նկարահանումներից կես տարի անց, նորից սկսում եմ նկարահանվել:

Երբ ես դերասանուհի եմ, ես երգչուհի չեմ, նույնիսկ, եթե խաղում եմ երգչուհու դեր, միեւնույնն է՝ առաջին հերթին դերասանուհի եմ:

Երբեք չեմ մտածել եւ չեմ պատկերացրել, որ 16 տարեկանում կունենամ ընտանիք եւ սեր:

Շողիկ Գալստյան