Որոշ ժամանակ առաջ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած արտառոց դեպքը, երբ երիտասարդ տղամարդուն արտաքսել էին երկրից՝ չափից ավելի գեղեցիկ լինելու պատճառով։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Лента-ին, արտաքսված Օմար Բորկան ալ-Գալան այս միջադեպից զգալի օգուտներ է քաղել, մասնավորապես՝ անհայտ մի կին նրան է նվիրել Mercedes G55 շքեղ մեքենա։ Թանկարժեք նվերի մասին ալ-Գալան պատմել է ամերիկյան In Touch Weekly ամսագրին տված հարցազրույցում։
Տղամարդը պատմել է, որ մեքենան ստացել է իր ծննդյան օրը, սակայն պատկերացում չունի, թե նվերն իրեն ով է ուղարկել։ Գեղեցկության պատճառով Սաուդյան Արաբիայից արտաքսվելու դեպքը նպաստել է, որպեսզի նա լայն ճանաչում ձեռք բերի։ Այժմ ալ-Գալան ֆիլմերում և գովազդներում նկարահանվելու հրավերներ է ստեցել, ինչպես նաև նկարվել է արաբ կանանց իրավունքները պաշտպանող օրացույցում։
Հիշեցնենք, որ պոետ, դերասան և լուսանկարիչ ալ-Գալան և ևս 2 տղամարդ արտաքսվել էին Սաուդյան Արաբիայից այս ապրիլին՝ կրոնական ոստիկանության կողմից։ Վերջինների կարծիքով՝ տղամարդիկ չափազանց գեղեցիկ են, և տեղի կանայք կարող էին սիրահարվել նրանց։