ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը:
-Ինչպիսի՞ն է եղել Արևիկ Ուդումյանի մանկությունը: Ի՞նչ հիշողություններ են մնացել մանկության տարիներից:
-Շատ վառ մանկություն եմ ունեցել: Մութ ու ցուրտ տարիները, որոնք համընկել են մանկությանս տարիներին, միգուցե անգույն են, անփայլ, բայց ոչ տխուր, քանի որ, ի տարբերություն մեծերի, մենք' փոքրերս, չէինք զգում իրավիճակի լրջությունը: Նույնիսկ այդ տարիներից հումորներ ու լուսավոր կետեր են մնացել:
Վառ հիշողություններ են մնացել նաև Աֆրիկայում ապրածս տարիներից. այդ տարիները մեծապես ազդել են իմ ենթագիտակցության վրա: Երևի թե մանկուց տարբեր մշակույթների հետ առնչվելս նպաստել է, որ մեծանամ առավել ազատ մտածելակերպով ու առանց կարծրատիպերի:
Մանկուց ինձ համար մեծ նշանակություն ունի ընտանիք գաղափարը. մենակ լինելու վախ երբևէ չեմ զգացել:
-Ինչի՞ց եք առավել հաճախ հիասթափվում:
-Հիմնականում չեմ հիասթափվում: Պարզապես, երբ ականատես եմ լինում մարդկանց մի այնպիսի տեսակի, որոնք ինչ-որ բարձունքների են փորձում հասնել ոչ օբյեկտիվ կանոններով, ինչ-որ տհաճություն եմ զգում: Բայց ուրախ եմ, որ իմ հոգում տեղ ունեցող մարդկանց մեջ այդպիսիք չկան:
-Ձախողումն այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար:
Ինչպե՞ս եք Դուք պայքարում ձախողումների դեմ:
-Ձախողումը հաճախ այդ գինն է, բայց ձախողումները կյանքի դասեր են տալիս ու կյանքի ընթացքում վատ թվացող երևույթներից առնվազն պետք է դասեր քաղել: Փորձում եմ վերլուծել ու հասկանալ իրավիճակը, և եթե դու աշխատող մարդու տեսակ ես , քո մոտ ամեն ինչ լավ կլինի, քան այդ պահին պատկերացնում ես:
-Սիրում եք երևակայե՞լ ,թե՞ նախընտրում եք իրերը ռեալ տեսնել:
-Երևի այնքան էլ չեմ սիրում: Միգուցե այս պահին ոչ ռոմանտիկ թվամ, բայց երևակայելը, կարծում եմ, միայն ժամանակի կորուստ է: Փորձում եմ հասկանալ կյանքը:
-Էյնշտեյն. «Եթե ցանկանում եք ապրել երջանիկ, ապա դուք պարտավոր եք իրերից ու մարդկանցից առավել կապվել նպատակի հետ»: Դուք և՞ս այսպես եք կարծում: Սիրո՞ւմ եք պլանավորել Ձեր կյանքը, թե՞...
-Օրս պլանավորում եմ, չնայած երբեմն մտածում եմ, որ մի օր կարթնանամ ու ոչինչ չեմ ունենա անելու ու մի լավ կհանգստանամ, բայց այդ օրերը շատ քիչ են: Իսկ կյանքս, ի տարբերություն օրվա (որն ավելի հստակ է), չեմ պլանավորում, որովհետև հասկացել եմ, որ ոչ մի խելացի ու ամենակարող մարդն անգամ չի կարող պլանավորել կյանքը:
- Ասում են' ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Իսկ ինչպե՞ս եք նախընտրում ապրել Դուք:
-Ես հիմնականում ապրում եմ այնպես, թե ամեն ինչ գեղեցիկ է: Բայց, իհարկե, կյանքում լինում են այնպիսի պահեր, որ թվում է' հրաշքներ չեն լինում: Իսկ ամենացավալին այն է, երբ ոչ թե մտածում ես հրաշքներ չկան, այլ դրանց չես սպասում:
-Իսկ Դուք սպասո՞ւմ եք:
-Հինականում' այո: Բայց ոչ թե հրաշքների, այլ իրադարձությունների գեղեցիկ զարգացման:
-Արժեքներ, որոնք անգնահատելի են Ձեզ համար և ո՞ր երևույթներն են, որ խորթ են Ձեզ:
-Մարդկային կապը, մասնավորապես, ընտանիքի անդամների հանդեպ զգացմունքը: Մարդու հավատքը կրոնի տեսանկյունից ու ոչ միայն…
Շատ բաներ կան, որ ինձ խորթ են թվում, բայց կյանքը բազմիցս ապացուցում է, որ ամեն ինչ չէ, որ մեր պատկերացումներով է լինում, ուստի փորձում եմ գրեթե ոչինչ երբևէ չբացառել:
-Ո՞րն է Ձեզ ուղեկցող ամենաթանկ զգացումը:
-Այն զգացումն է, երբ փորձում եմ պատկերացնել այն մարդկանց, որոնք ինձ հարազատ են և չեմ կարողանում նրանց հաշվել…Նրանք շատ-շատ են:
Նրանց մեջ են մտնում և ընտանիքիս անդամները, և ընկերներս, և այն մարդիկ, ովքեր հետուստատեսության կամ համացանցի միջոցով ինձ դրական լիցքեր են փոխանցում:
-Ժպտերես Արևիկը առավել հաճախ ինչի՞ց է տխրում:
-Քիչ եմ տխրում: Տխրում եմ, երբ գոհ չեմ լինում ինքս ինձանից, իրադարձությունների զարգացումից, եղանակից: Տխրելը ընդունում եմ որպես բնական երևույթ: Երբեմն տխրելը շատ հաճելի է թվում (ժպտում է):
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել կամ զվարճացրել են Ձեզ:
-Ասեկոսեներ, անշուշտ, լինում են: Դրանք հիմնականում անհիմն փաստերի վրա են հիմնված լինում, երբեմն էլ ասեկոսեները պարզապես անվանարկում են մարդկանց' նրանց հաջողությունները ապականելու համար: Պարզապես խիղճդ մաքուր պետք է ապրես:
Իսկ իրականությանը չհամապատասխանող ասեկոսեները միայն ծիծաղ են առաջացնում: