PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը:
Այս տարի կցուցադրվի 22 ներկայացում' Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից: Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաև երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար:
Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից' (Բիաթե Էhլերը' «Աննի լռությունը» /«Մոր լռությունը»/ ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է և գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի ներկայացուցիչ Լուսինե Խաչատրյանը' Յ. Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ), ինչպես նաև դերասաններ Լիտվայից' (բեմադրիչ Սաուլիս Վառնասի' Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից'(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլու «Շների աշխարհ»), Ռուսաստանից'(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը»: Սա բեմադրիչի դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի Սթիվն Թոմաս Օքսներն է:
Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները' ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղևոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք և այլք:
Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:
Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ' Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանա (Լիտվա), Վեցլավ Գերաս (Լեհաստան), թատերագետներ' Տոմաշ Միլկովսկի (Լեհաստան), Պյոտր Բարկովսկի (Լեհաստան)։
«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: