54 տարեկանում մահացել է հայտնի դերասան Մեթյու Փերին։ «Ընկերներ» սերիալի աստղին շաբաթ օրը մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը։
Նշվում է, որ ոստիկանությունը դերասանի տնից զանգ է ստացել ժամը 16։00-ի սահմաններում։ Փերիին անգիտակից վիճակում գտել են տաք լոգարանում:
Մեթյու Փերիի մահվան հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն աղբյուրները նշում են, որ դերասանը խեղդվել է։ Թմրանյութեր չեն հայտնաբերվել: Մահվան պատճառի պաշտոնական վարկածը կհայտարարվի հետաքննության ավարտից հետո:
«Մենք ապշած ենք՝ մեր սիրելի ընկեր Մեթյու Փերիի մահվան մասին լուրից»,-ասվում է Warner Bros-ի հայտարարության մեջ,-«Մեթյուն աներեւակայելի շնորհալի դերասան էր եւ Warner Bros.-ի ընտանիքի անբաժանելի մասը: Նրա կատակերգական հանճարի ազդեցությունը զգացվել է ամբողջ աշխարհում, եւ նրա ժառանգությունը կապրի շատերի սրտերում: Սա տխուր օր է․ մեր ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, սիրելիներին եւ նրա բոլոր հավատարիմ երկրպագուներին»:
Դեռ մանկուց հայտնվելով շոու-բիզնեսում՝ «Չարլզ գլխավորը» եւ «Բեւերլի Հիլզ 90210» ֆիլմերում, Մեթյու Փերին իր առաջին մեծ դերը ստացավ «Ջիմմի Ռիրդոնի կյանքի մեկ գիշերը» ֆիլմում։ Չնայած «Ընկերներ» սերիալում ունեցած նրա հաջողություններին, փառքի ճնշումը մեծ էր։ 2022 թվականին թողարկված «Ընկերները, սիրեցյալները եւ մեծ սարսափը» ինքնակենսագրականում դերասանը պատմել է ալկոհոլի եւ օփիոիդների դեմ իր պայքարի մասին: