Հաղորդավարուհի, մանեքենուհի Աննա Գրիգորյանը նկարահանվել է գովազդում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար:
Աննան նկարահանվել է “Tatni” ջրի երեք գովազդում, որոնցից մեկում պարում է, մյուսում թենիս է խաղում, իսկ երրորդում ճակատագրական կնոջ է մարմնավորել:

Աննան esyes.am-ին հայտնեց, որ առաջարկը եղել է Վալերի Սահարյանի կողմից: «Բնականաբար չմերժեցի, քանի որ շատ պրոֆեսիոնալ անձնակազմ և հետաքրքիր թիմ էր հավաքվել»,- ասաց մանեքենուհին և հավելեց, որ նկարահանումները Ռուսաստանում են կայացել:

Անդրադառնալով արտրկրում մոդելային գործունեություն ծավալելուն' Աննան հայտնեց, որ նման ցանկություն վաղուց ունի. «Փոքրիկ քայլեր եմ անում այդ ուղղությամբ, սակայն առայժմ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դեռ հստակ չէ: Ամեն ինչ շատ թեթև ու ոչ արագ քայլերով է առաջ ընթանում: Երբ նորություններ ունենամ, անպայման առաջինը «Ե՞ս Yes!»-ին կտեղեկացնեմ, ուղղակի հիմա դեռ չունեմ այնպիսի նորություն, որն արժանի է հրապարակման»:

Աննան նշեց, որ այս շրջանն իր կյանքում խաչմերուկային է, քանի որ այս տարի ինքն ավարտում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը. «Գուցե անկանխատեսելի ծրագրեր առաջ գան: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղից ինչ լավ առաջարկ կունենամ: Լեզվաբանի, հաղորդավարի և մոդելի մասնագիտություններս խառնվել են. որտեղից ավելի լավ առաջարկ ստանամ, կամ ինքս հասկանամ, որ այս պահին այդտեղ ավելի շատ անելիք ունեմ և, ուժերս փորձելով, կարող եմ ավելի առաջ գնալ, այդ ոլորտում էլ կշարունակեմ: Այս պահին դեռ կոնկրետ անելիքներ չունեմ»:
Ի դեպ, Աննան այսօր հանձնել է իր առաջին պետական քննությունը: Նրանից տեղեկացացանք, որ քննությունը շատ լավ է հանձնել, թեև առայժմ չգիտի արդյունքների մասին: