Ռայթ-Պատերսոն բժշկական կենտրոնի բժիշկները հայտնել են ամերիկացի մի տղամարդու մոտ կանաչ մազոտ լեզվի հազվագյուտ դեպքի մասին: Բժշկական զեկույցը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում:
64-ամյա տղամարդը կլինիկա այցելելուց մի քանի շաբաթ առաջ փոփոխություններ է նկատել իր լեզվի վրա։ Բուժզննման ժամանակ լեզվի վրա հայտնաբերվել են երկարացած կանաչ թելանման պտկիկներ (papillae linguales)։
Այս վիճակը, որը հայտնի է որպես կանաչ մազոտ լեզու, առաջանում է լեզվի վրա մեռած մաշկի բջիջների կուտակումից, ինչը հանգեցնում է լեզուն ծածկող պտկիկների երկարացմանը: Դրանց վրա նստում են սննդի մասնիկներ, բակտերիաներ, խմորիչ։ Գույնը կարող է փոխվել՝ սև, շագանակագույն, դեղին կամ կանաչ:
Կանաչ մազոտ լեզուն կարող է առաջանալ հակաբիոտիկներ ընդունելուց հետո՝ բերանի խոռոչի վատ հիգիենայի, ծխելու կամ բացառապես փափուկ մթերքներ օգտագործելու պատճառով, որոնք չեն մաքրում լեզվի մեռած մաշկը: Տղամարդու դեպքում լեզվի անսովոր փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, հակաբիոտիկների պատճառով է եղել։
Պացիենտին խորհուրդ է տրվել նրբորեն մաքրել լեզուն ատամի խոզանակով և թողնել ծխելը: Ի վերջո, տղամարդու լեզուն վերադարձել է նորմալ տեսքին, չնայած նրան, որ նա շարունակել է ծխել: