Սեռական կյանքը դիմացինին մեծարելու, նրա գեղեցկությունը, մտերմությունն ընդգծելու ամենաբարձր նոտան է: Այն սիրո արտահայտության շարունակությունն է: Բնությունը ձգտում է ներդաշնակության բոլոր, նաեւ՝ այս հարցում: Եվ ինչու՞ է մեզ հայկական էթիկայում տրված սեռական կապն իրականացնել վերջում… որպեսզի սեռական կյանքի այդ սիմֆոնիայի մեջ խելակորույս քայլեր չանենք:
Ինչպես LN-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ամենսխալ մոտեցումն այն է, երբ սեռական կյանքը ինքնաբավարարման նշանակություն է սկսում ունենալ. «Հեռուստատեսությունից հիմա շատ սխալ բաներ են սովորում սեռական կյանքի մասին, շրջանառվում է մի շատ ոչ էմոցիոնալ և հասարակ բառ' սեքս, և այն սկսել է ընդունել սադիստական, մազոխիստական ֆորմատներ, իսկ այդ ամենը հեռուստացույցով քարոզվում է: Մեր տատերը, մեր պապերը այդ նույն սեքով զբաղվել են, և դա դա չի եղել, հաստատ»:
Ըստ Միհրդատ Մադաթյանի, կամայական կին-տղամարդ հարաբերությունները դիֆերենցվում են հինգ բաղադրիչների, և դրանց առկայության դեպքում սերը, ընտանիքը ամրապնդվելու է և կայանալու: Այդ հինգ բաղադրիչների մեջ են մայր և տղա, հայր և դուստր, քույր և եղբայր, ընկերներ, և սեռական ընկեր հարաբերությունները. «Հաճախ նկատում ենք, որ մի շատ գեղեցիկ կնոջ կողքին տգեղ տղամարդ է և հակառակը: Մտածում ենք, թե տեսնես ինչ է գտել սրա մեջ: Եթե ամեն ինչը կապված լիներ միայն սեռականի հետ, և սեռականը լիներ այդքան դոմինանտ, բնականաբար նման ընտանիքներ չէին լինի: Բայց երբ որ մյուս չորս կոմպոնենտները բավարարված են, ապա սեռական կապը դառնում է չքնաղ: Այդ դեպքում դա դառնում է ընտանիք, դառնում է նորմալ սեռական կյանք: Յուրաքանչյուր մարդ ունի ինտիմ սահման: Երբ որ շատ մոտ ես կանգնում այդ սահմանին, սկսում ես դիսկոմֆորտ զգալ: Ամեն մարդու թույլ չես տա մոտ գալ… Կան մարդիկ, որոնց դու համբուրում ես միայն այտդ հպելով, կան մարդիկ, որոնց դու համբուրում ես գրկախառնվելով, և կա մի մարդ, որին թույլ ես տալիս մտնել քո մեջ... Դա մտերմության արտահայտման բարձրագույն ձևն է: Ընդունված է, որ դա հաճույք է, բայց իրականում դա հենց այնպես չէ. երաժշտություն է: Եթե հիմքում միայն սեքսը դրված լիներ, նշանակում է՝ հինգ տարին մեկ պիտի կին փոխեինք: Մենք 50 տարեկանում ավելի շատ ենք մեր կնոջը սիրում, քան սիրել ենք երիտասարդ տարիքում: Ինչո՞ւ: Որովհետև այդ կնոջը սկսում ենք գնահատել, կապը ավելի է հզորանում և դառնում սիրո արտահայտում, որովհետև դու չես կարող կյանքը թեկուզ մեկ վայրկյան պատկերացնել առանց նրա: Դուք սկսում եք համարյա չխոսել իրար հետ, բայց միմյանց այնքան լավ հասկանալ… Հասկանալ' միայն աչքերին նայելով: Սա է այդ սեքսը... Սա է, որ հավաքվում, հավաքվում և դառնում է մի միություն...
Մենք տեսնում ենք 80 տարեկան մի պապիկի ու տատիկի, որոնք կարծես իրար հետ չեն էլ խոսում, բայց երբ որ տատիկը մահանում է, պապիկը մեխանիկորեն գնում է նրա ետևից: Եվ այդ ժամանակ հասկանում ես, որ նրանք իրար սիրում էին, շատ էին սիրում, չնայած որ ամբողջ օրը բողոքում էին իրար ետևից»: