Աշխարհի ամենաերկար եղունգներ ունեցող կինը 1990 թվականներից ի վեր առաջին անգամ կտրել է դրանք: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակչուհի Այանա Ուիլյամսն աճեցրել է եղունգները 28 տարի շարունակ: 2017 թվականին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ճանաչել են նրան որպես աշխարհի ամենաերկար եղունգներ ունեցող կին: Այդ ժամանակ դրանց երկարությունը հասնում էր 5,76 մետրի:
Lenta.ru-ի հաղորդմամբ` Ուիլյամսից 20 ժամ և 3-4 լաքի շիշ է պահանջվել եղունգների մատնահարդարման համար:
Երբ 2021 թվականին նրա եղունգները կրկին չափեցին, դրանց ընդհանուր երկարությունը 7.33 մետր էր: Ամենաերկար եղունգը` բութ մատի վրա, հասել էր 70 սանտիմետրի:
Ուիլյամսը խոստովանել է, որ կկարոտի իր եղունգները, բայց հասկացել է, որ ժամանակն է հրաժեշտ տալ դրանց: Եղունգների անսովոր երկարության պատճառով ամերիկուհին չէր կարողանում լվանալ սպասքը և սավանները:
«Եղունգներով կամ առանց դրանց, ես դեռ թագուհի եմ: Իմ եղունգները չէ, որ որոշում են իմ տեսքը, այլ ես եմ որոշում իմ եղունգների տեսքը », - ասել է Ուիլյամսը: Նա նշել է, որ մտադիր է աճեցնել իր եղունգները մինչև 15 սանտիմետր, բայց ոչ ավելին: Կտրված եղունգները կցուցադրվեն Ֆլորիդա նահանգի Օռլանդո թանգարանում: