29-ամյա մոդել, գործարար Էմիլի Ռատակովսկին պատմել է, թե ինչպես է սեռական բռնության ենթարկվել լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից:
2012 թվականին Ռատակովսկին գնացել է Լեդերի տուն` նկարահանումների, որի ընթացքում լուսանկարվել է նաև մերկ վիճակում, գրում է The Cut-ը:
Ֆոտոսեսիայից հետո Էմիլին և Ջոնաթանն սկսել են զրուցել բազմոցի վրա: Մի պահ Էմիլին քնել է, սակայն կարճ ժամանակ անց արթնացել է, երբ ցավ է զգացել. Ջոնթանը սեռական բնույթի գործողություններ է կատարելիս եղել իր նկատմամբ: Աղջիկը մի կողմ է հրել լուսանկարչի ձեռքը և նա արագորեն թաքնվել է:
«Ես սառել ու դողում էի՝ կուչ եկած ծածկոցների տակ: Ես ու Ջոնաթանը նստած էինք բազմոցին, նրա ջինսերի կոպիտ գործվածքը հպվում էր մերկ ոտքերիս: Նա ինձ հարցրեց տղաների մասին: <...> Եվ ինչ-որ պահի ես էլ անուշադրությամբ ոտքս քսեցի նրա ոտքին, որպեսզի տաքանամ: Նա ասաց, որ իրեն դուր է գալիս «այդ բանը ոտքի հետ, որ ես անում եմ»: Այս պահը ես ավելի հստակ եմ հիշում, քան որևէ այլ բան»,- նշել է Էմիլին :
«Ցավում եմ, որ նա գտնվում է իր կարիերայի այն փուլում, երբ ստիպված է դիմել նման մարտավարության, որպեսզի մամուլի ուշադրությունը գրավի և հայտնիություն ձեռք բերի: Ամոթ է», - նշել է Լեդերը: