ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից և Դանիայից գիտնականների միջազգային խումբն իրականացրել է միասեռական վարքագծի դրսևորման գենետիկական հակվածության այսօրվա դրությամբ ամենաընդգրկուն ուսումնասիրությունը: Նրանք պարզել են, որ նույնասեռական շփումների հակվածությունը գենետիկորեն կանխորոշված չէ, և, կարծես, կախված է կենսաբանական և սոցիալական գործոնների բարդ համադրությունից, գրում է Popular Science-ը:

Հետազոտությանը մասնակցել են եվրոպական ծագմամբ 500 հազար տղամարդիկ և կանայք: Նրանք գենետիկական նյութը հանձնելուց բացի հարցաթերթիկ են լրացրել, որտեղ հարց է եղել իրենց սեռի ներկայացուցիչների հետ սեքսուալ շփումների մասին: Խոսքը հենց միասեռական կապի մասին է, այլ ոչ թե կողմնորոշման որպես այդպիսին, քանի որ դա ուսումնասիրության ավելի բարդ թեմա է:

Հետազոտության մեջ չեն ներգրավվել նաև տրանսգենդեր անձինք:

Ուսումնասիրելով մասնակիցների գենոմը, գիտնականները պարզել են, որ բնածին առանձնահատկությունները միասեռական վարքի հետ կարող են կապված լինել ոչ ավելի, քան 8-25%-ով: «Սա հերթական անգամ հաստատում է, որ պետք չէ «համասեռամոլության դեմ դեղմիջոց» փնտրել: Դա անիմաստ է»,- նշել է Բրոուդի ինստիտուտի Սթենլիի անվան հոգեբուժական հետազոտությունների կենտրոնի գենետիկայի ուղղության տնօրեն Բեն Նիլը:

Պիտսբուրգի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի դոցենտ Դարեն Ուիթֆիլդը, սակայն, նշել է, որ հետազոտության արդյունքները հետագա ուսումնասիրություն և առավել ճշգրիտ մեկնաբանություն են պահանջում: Հակառակ դեպքում, նոր տվյալները կարող են ուժեղացնել հոմոֆոբ տրամադրությունները և պայքարի նոր փուլ հրահրել «ԼԳԲՏ քարոզչության» դեմ: