Որքա՞ն է տևում կիրքը, և առհասարակ, ինչո՞ւ է մեռնում սերը: Պարզվում է՝ անգամ ամենաուժեղ զգացմունքների հիմքում քիմիական գործընթացների հասարակ շղթա է ընկած. գիտնականները վերջերս խոսել են կոնկրետ թվերով, որոնք հաստատ դուր չեն գա ռոմանտիկներին։ 

 

Գիտնական, բժիշկ Էլեն Ֆիշերը վստահեցնում է, որ այն համոզմունքը, որ սերն ապրում է սրտում, սխալ է: Սիրտն ընդամենը սիրո ինդիկատորն է, իսկ սերն իրականում ապրում է մեր գլխուղեղում` նրա ամենախորը հատվածներում, որտեղ գտնվում են մեր անկառավարելի բոլոր զգացմունքները: Երբ Ֆիշերն իր հետազոտության ընթացքում սիրահարված զույգերին ցույց էր տալիս իրենց սիրելիի լուսանկարը, նրանց գլխուղեղի հենց այդ հատվածները ակտիվանում էին, ինչը տեղի չէր ունենում պարզապես ծանոթների կամ անծանոթների լուսանկարները ցուցադրելիս: Բայց այդ գործընթացը դեռ քիմիա չէ, այլ ֆիզիկա է:

Քիմիական գործընթացը սկսվում է, երբ սերը համակում է ամբողջ մարմինը և ազդանշաններ ուղարկում մարմնի բոլոր բջիջներին: Այդ ազդանշանները կոնկրետ հորմոնալ ուղղվածություն ունեն: Սիրո հորմոնն էլ հենց կոչվում է դոֆամին, որը ակտիվանում է արյան մեջ միայն սիրահարվածության ընթացքում: Արյան մեջ դրան հակառակ պակասում է սերոտոնինը` հաճույքի հորմոնը, որն էլ ստիպում է ցավ ու տառապանք զգալ:

Իսկ թե արդյոք սիրահարվածությունը երկար է տևում, գիտնականները ևս պատասխան ունեն, ու այդ պատասխանը, ցավոք կամ հուրախություն շատերի, բացասական է: Այն տևում է ընդամենը 12-17 ամիս: Դա բավական է սիրած էակին հասնելու կամ նրանից վերջնական մերժում ստանալու համար: Եթե սիրահարվածությունն ավելի երկար տևեր, ապա սիրո կրակն իրոք որ կայրեր այն կրողին ու կհասցներ շատ լուրջ հիվանդության ու խնդիրների:

Սակայն առանձին դեպքերում սերը կարող է նաև ավելի երկարակյաց լինել: Սա վերաբերում է հատկապես դժբախտ սիրուն, քանի որ երկկողմանի սիրո պարագայում սիրած էակի հետ հոգեպես ու մարմնապես միավորվելը կարծես հանգցնում է ուժեղ կիրքն ու կրակը և այն վերածում կապվածության, առանձին դեպքերում էլ՝ պարզապես ընկերության ու մտերմության:

Բայց կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին վստահեցնում է, որ միշտ չէ, որ սերն այդքան կարճ կյանք է ունենում: Նա նշում է, որ ի վերջո աշխարհում կան նաև միասերներ, ովքեր ամբողջ կյանքում կարող են սիրել մեկին, սակայն այդ մարդկանց մոտ սերը փուլային էվոլյուցիա չի ապրում, այդպիսով այն դառնում է ձանձրալի և կանխատեսելի: