Մահաշտի Մուրասի անունով այս երկարակյաց տղամարդն ապրում է Հնդկաստանի հյուսիսում: Նա հավատացնում է, որ ծնվել է 1835 թ. և այժմ 184 տարեկան է: Ծերունին պատմում է, որ ծնվել և ապրել է Բանգալորում, իսկ 1903-ին տեղափոխվել է Վարանասի:
Երկար տարիներ շարունակ՝ մինչև 122 տարին լրանալը, նա աշխատել է որպես կոշկակար և միայն 1957-ին է անցել թոշակի:
Մուրասիի թոռները մահացել են երկար տարիներ առաջ, իսկ իր մասին, ըստ ծերունու, մահը մոռացել է: Նա արդեն անգամ հույս չունի մահանալու և կարծում է, որ միգուցե անմահ է:
Սակայն օբյեկտիվ աղբյուրներ, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել նման մեծ տարիքը, գոյություն չունեն: Մահաշտան չունի ո՛չ ծննդյան վկայական, ո՛չ անձնագիր, ո՛չ պաշտոնական որևէ գրառում: Վերջին անգամ նա բժշկին դիմել է 1971-ին, իսկ այդ բժիշկը վաղուց մահացել է՝ կրկին գրավոր որևէ վկայություն չթողնելով այս երկարակյաց ծերունու մասին: Տարիքի որոշման համար բժշկական փորձաքննություն անցկացնել ևս հնարավոր չէ: