Շնորհավորելով Կանանց միջազգային տոնը' «Eritasard.am»-ը ներկայացնում է «People» ամսագրի կողմից գեղեցկագույնը ճանաչված տասը համաշխարհային աստղերին:
Եվ այսպես… Մոլորակի ամենագեղեցիկ կին է ճանաչվել երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսե Նոուլզը: Տարվա գեղեցկուհին կարծում է, որ իր գեղեցկությունը պայմանավորված է մայրանալու փաստով եւ իր ամուսնու՝ Jay-Z-ի հոգատար վերաբերմունքով: «Դստրիկիս ծնվելուց հետո ես ինձ ավելի գեղեցիկ եմ զգում, քան երբեւէ: Ես բացահայտեցի այն մեծ առաքելությունը, որ դեռ պիտի կատարեմ այս աշխարհում»,- ասում է երգչուհին:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 40-ամյա դերասանուհի Սոֆյա Վերգարան. «Ես ինձ շոյված եմ զգում այս ցուցակի քսանամյա գեղեցկուհիների հարեւանությամբ ընդգրկվելու համար. չէ՞ որ ես նրանց տարիքի որդի ունեմ արդեն»:
Լավագույն եռյակը եզրափակել է օսկարակիր դերասանուհի Շարլիզ Թերոնը: Ի դեպ, գեղեցկուհին խոստովանել է, որ իր կյանքի առաջին ութ տարիներին չուներ ատամներ. հետագայում հակաբիոտիկների օգնությամբ նրա ատամնաշարը վերականգնվել է: Այժմ Շարլիզը որդեգիր երեխա Մայքլի երջանիկ մայրիկն է:
Սպիտակաձյունիկի դերում հաջողությամբ հանդես եկած Լիլի Քոլինզը չորրորդ տեղում է: 23-ամյա երգչուհին, սակայն, մի ժամանակ դժգոհ է եղել իր եթերային գեղեցկությունից. «Ես չէի կարողանում համակերպվել փարթամ հոնքեր ունենալու հետ, բայց շուտով հասկացա. այն, ինչով տարբերվում ես մյուսներից, քեզ գեղեցիկ է դարձնում»:
Մեդլին Սթոուն տասներկու տարվա դադարից հետո կրկին վերադարձել է Հոլիվուդ' եզրափակելով նախորդ տարվա գեղեցկուհիների հնգյակը: 53-ամյա դերասանուհին փիլիսոփայորեն է մոտենում իր տարիքին' նշելով, որ կան բաներ, որոնց ստիպված ես հրաժեշտ տալ:
Քրիստինա Հենդրիքսը հայտնվել է «People» ամսագրի հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականում: «Mad Men» հեռուստասերիալի աստղը հայտնի է իր համարձակ բնավորությամբ. նա չունի ոչ մի բարդույթ, այդ թվում' նաեւ իր արտաքինի վերաբերյալ: Իտալիայում որպես մոդել աշխատելիս դերասանուհին 15 ֆունտ գիրացել էր, սակայն իրեն գեղեցիկ էր համարում եւ չէր ցանկանում ոչինչ փոխել:
Հենդրիքսին հակառակ' յոթերորդ հորիզոնականում հայտնված օսկարակիր դերասանուհի Միշել Ուիլյամսը բավականին բարդույթներ ունի' իր տեսքի հետ կապված. «Ինձանից միշտ ակնկալում են, որ պիտի գեղեցիկ լինեմ, սակայն դա ինձ ստիպում է տգեղ զգալ. կարծում եմ, որ չեմ կարող անընդհատ բարձունքին մնալ»:
Ութերորդն է ճանաչվել գեղեցկուհի Պաուլա Փեթոնը, ով խոստովանում է, որ երեխա ունենալուց հետո սկսել է հազվադեպ շպարվել եւ ավելի քիչ է իրենով զբաղվում: Սակայն, դա չի խանգարել, որ ընդգրկվի գեղեցկագույն աստղերի հիթ-շքերթում:
Քանտրի ոճի ամենահայտնի կատարողներից մեկը' Միրանդա Լամբերտը, գեղեցկագույն աստղերի ցուցակում է ընդգրկվել իր սկզբունքայնության համար: Ի տարբերություն շատ այլ աստղերի' նա չի ձգտում չափազանց նիհար լինել, ինչի պատճառով էլ հազարավոր երկրպագուների հարգանքն է վայելում:
Ամենագեղեցիկ կանանց տասնյակը եզրափակում է Բրիտանիայի արքայադուստր Քեյթ Միդլտոնը, ով հայտնի դարձավ հարսանեկան իր յուրօրինակ զգեստով, ինչպես նաեւ հասարակ վարվելակերպով: Արքայադստերը խորթ չեն ինքնուրույն շպարվելն ու նույն զգեստը երկու անգամ կրելը: Բուքինհեմյան պալատում ասում են, որ Քեյթը հասարակության շրջանում էլ այնպիսին է, ինչպիսին իրականում է: