Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում Էր ABC հեռուստաալիքը:

«Ջրի կերպը» ներկայացնում Է գաղտնի լաբորատորիայում աշխատող համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը: Ավելի վաղ այն արժանացել Էր Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակին: Դերասանական կազմում տեղ են գտել Սալլի Հոքինսը, Մայքլ Շենոնը, Ռիչարդ Ջենքինսը, Օկտավիա Սփենսերը: Այս անվանակարգում հաղթողներին հայտարարել են դերասաններ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, որոնք դարձել Էին անցյալ տարվա մրցանակաբաշխության սկանդալի մասնակիցները: Այն ժամանակ նրանք նույնպես պետք Է հայտարարեին լավագույնը ճանաչված կինոնկարը, բայց ստացել Էին ոչ այն ծրարը: