«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում մայիսի 5-ին հանդիպում են ունեցել Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաեւ առաջիկա քայլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպան Արտակ Ապիտոնյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը: «Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթը ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար: «Շատ զգացված ենք, որ Դուք մեր կողքին եք եւ անհրաժեշտության պարագայում օժանդակում եք մեզ»,- նշել է Գոհար Գասպարյանը' հավելելով, որ մրցույթի ողջ ընթացքում արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը հնարավորինս լայն շրջանակների համար հնչի:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Մենք միասին կարող ենք շատ բան հաղթահարել: Հայերը հենց այս գլխավոր հատկությամբ են առանձնանում մյուս բոլոր ժողովուրդներից».,- նշել է Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում' 7-րդ համարի ներքո: