Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն այսօր նշում է իր տարեդարձը. նա բոլորում է 31 ամյակը:ESem.am հետ զրույցում Մանոն անկեղծացավ ու նշեց, որ այս տարի փոքր-ինչ տխուր է եղել ծննդյան տոնի կապակցությամբ:

 

«Միշտ լսել եմ, որ մարդիկ ասում են՝ ծննդյանս օրը փոքր-ինչ տխրում եմ, քանի որ մի տարով էլ մեծանում եմ: Ինձ մոտ նման բան չի եղել երբևէ, սակայն այս տարի՝ տարիքային անցումի հետ կապված՝ թեթև տխրություն ունեցա. մի փոքր ծանր եմ տանում այս տասնամյակ ևս մտնելը, բայց փորձում եմ չմտածել այդ մասին ու թեթև ապրել»,- ասաց Մանոն:

 

 

Դերասանուհին կեսգիշերին թեև ամուսնու կողքին է եղել, սակայն առաջին շնորհավորանքը ստացել է հայրիկից՝ հեռախոսազանգով: «Այնուհետև Սարգիսը շնորհավորեց ինձ, ու միասին շատ հետաքրքիր երեկո անցկացրինք,- պատմեց դերասանուհին՝ մանրամասնելով,- այժմ մի տեսակ ժամանակ չի մնում, որ մարդիկ միասին նստեն, անկեղծ զրուցեն, ասեն՝ ում ինչն է դուր գալիս, ինչը՝ ոչ: Մենք հենց այդպիսի զրույց ունեցանք երեկ՝ կեսգիշերն անց, ինչը շատ կարևոր էր ինձ համար»:

 

 

Մանոյի խոսքով՝ իր և ամուսնու անկեղծ զրույցն անցել է ռոմանտիկ ընթրիքի ընթացքում՝ իրենց տանը: «Մեզ համար հանպատրաստից ռոմանտիկ ընթրիք սարքեցինք. ջերմ ու տաքուկ միջավայրում նստեցինք: Տպավորություն էր, որ առաջին անգամ ենք հանդիպել ու ամեն մեկս մեր մասին էր պատմում՝ նշելով իր ցանկությունները»,- պատմեց դերասանուհին:

 

Նրա խոսքով՝ արդյունքում հասկացել են, որ պետք է գնահատել այն, ինչ ունեն: «Ամուսնությունից առաջ ինչ երազել ենք, կարելի է ասել՝ այժմ 80 տոկոսով ունենք, դրա համար պարզապես պետք է գնահատենք այն, ինչ ունենք»,- հայտնեց նա:

 

 

Իսկ առավոտյան՝ դերասանուհուն վարդերով ու յասամանով շնորհավորել են աղջիկները: «Օրվա ընթացքում ամուսնուս հետ տանն էինք. մեկ էլ նա անակնկալ կերպով ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ «Ես քեզ սիրում եմ միշտ», ես էլ պատասխանեցի՝ «Ես էլ քեզ՝ ընդմիշտ»»,- մանրամասնեց 31-ամյա դերասանուհին, ով դեռևս ամուսնուց նվեր չի ստացել:

 

«Կարծես թե կռահում եմ՝ ինչ է տալու, բայց չեմ բացահայտի այն»,- խորամանկորեն ժպտալով ասաց Մանոն: Դերասանուհին փոխանցեց նաև, որ գործի բերումով ամեն օր քեֆ ուրախության մեջ են, դրա համար էլ այս տարի որոշել է մեծ միջոցառում չկազմակերպել:

 

Անդրադառնալով իր երազանքին, ծննդյան բարեմաղթանքներին՝ Մանոն ասաց, որ դրանք նույնն են: «Նախորդ տարիներին ասել եմ իմ ցանկության մասին. չեմ ուզում ևս մեկ անգամ նշել. հենց դա են բոլորն ինձ մաղթում»,-եզրափակեց նա:

 

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և երազանքների իրականացում մաղթում: