Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր նոր՝ «Encores» ձայնասկավառակը երկրպագուների դատին կհանձնի այս տարվա մայիսի 4-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական chartsinfrance.net կայքը գրում է, որ Ազնավուրի նոր ձայնասկավառակը հիշողություններ արթնացնելու և վերակենդանացնելու նպատակ ունի: 91-ամյա լեգենդն իր նոր ալբոմը ներկայացնելու է իր կյանքի առանցքային դրվագները: Հասանելի է դարձել նաև ալբոմի «Avec un brin de nostalgie» ստեղծագործությունը:


Շառլ Ազնավուրի երկրպագուները նախորդ տարվա նոյեմբերի 17-ից հնարավորություն ունեն ձեռք բերել լեգենդի ստեղծագործություններն ամփոփող և 60 CD ներառող անթոլոգիան: Անթոլոգիան լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը վաճառքի է հանվել Ֆրանսիայի տարածքում:  Այն ներառում է Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և դուետներ, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում: 

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թ վում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: