Շուտով «Շանթ» հեռուստաընկերության եթերում նոր սիթքոմ կլինի, որում մի շարք հայտնի աղջիկների հետ նկարահանվում է դերասան Հայկ Պետրոսյանը: Հայկը առաջինը ESem.am-ին է պատմել իր կերպարի և նոր ոճում հանդես գալու դժվարությունների մասին:

 

 

Ըստ նրա՝ առաջին փորձնական տեսանկարահանումից հետո ինքն իրենից դժգոհ է մնացել: Նույնիսկ հույս էլ չի ունեցել, որ երկրորդին կկանչեն: «Սակայն երկրորդ անգամ էլ ինձ կանչեցին փորձնական նկարահանման, որի ընթացքում քննարկումներ ունեցանք կազմակերպիչների հետ: Արդեն երրորդ նկարահանմանը իմ խաղով կարողացա համոզիչ լինել և ընտրվեցի,- մանրամասնեց Հայկը:

 

Նրա խոսքով՝ իր կերպարը դետալներով լեցուն է: «Հստակ խոսելաձև, կամ, օրինակ, ծիծաղի ձև չկար, որ միայն դա անեի ու միանգամից պատկերացնեի, թե ինչպիսին է կերպարս»: Հայկը կարծում է, որ կազմակերպիչները երկու տարի իրեն ճանաչելուց հետո հավանաբար վստահ էին, որ իր մոտ կստացվի մարմնավորել այդ կերպարը: «Այժմ փորձեր են արվում կերպարները հստակ հասկանալու համար: Քանի որ նոր ոճում եմ հանդես գալու, պետք է լավ ըմբռնենք դերը»,- ասաց դերասանը և շեշտեց, որ սիթքոմը տարբերվում է կոմեդիայի ժանրի սերիալներից:

 

 

Հայկը խոստովանեց, որ, լինելով դերասան, իր համար շատ բաներ հեշտ են, սակայն նոր ժանրը նաև դժվարություններ ունի: «Օրինակ՝ սիթքոմում դադարներ կան, որոնք պետք է հստակ լինեն: Այսպես ասած, բառը պետք է «կրակես», որպեսզի հասկանալի լինի, որ հումորը դրա մեջ էր,- նկատեց Կամերային երաժշտական թատոնի դերասանը:

 

Նոր սիթքոմում նա մարմնավորելու է Ռուբեն անունով 22-ամյա մի տղայի. ըստ նրա՝ ամբողջ կյանքում փախել է այդպիսի կերպարներից, որին մարմնավորելու է: «Իմ կերպարն ապրում է անիմաստ կյանքով, տունը նրա համար հյուրանոցի նման մի տեղ է: Ռուբենը այն տղաներից է, որոնց համար կյանքի երազանք է սպիտակ նիվա ունենալը»,- իր կերպարի մասին որոշ մանրամասներ հայտնեց Հայկը: Ասում է՝ իր համար աբսուրդ է նման մտածելակերպ ունենալը: «Սակայն, կարող եմ ասել, որ կերպարս այնքան էլ անտանելի չէ. նրա մեջ դրական, համով ինչ-որ բան էլ կա, դրա համար էլ տատիկի ամենասիրելին է»,- ավելացրեց դերասանը:

 

 

Սիթքոմի դերասանական կազմն արդեն ընտրված է. Հայկն էլ միակ արական սեռի ներկայացուցիչն է: Այս նոր նախագծում հանդես են գալու հեռուստադիտողներին արդեն հայտնի դեմքեր՝ Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մանանա Գևորգյանը, Անի Պետրոսյանը, «Վիտամին» ակումբի Զառան և այլք:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը