Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի զոհերի հիշատակին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի փետրվարի 20-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շարմ Հոլդինգից», 2006թ. մայիսի 3-ին զոհերի հիշատակին նվիրված ֆիլմի հիմքում իրական փաստեր են: ՍցենարÕ « ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև իրական հերոսուհին, ում համաձայնությամբ էլ էկրանավորվել է նրա անավարտ սիրո պատմությունը:
«Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը ոչ միայն սիրո, այլև մարդկային արժեքների, խղճի և հոգեբանական բախումների մասին է: Գլխավոր հերոսների մեծ սերն անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու հույս է ներշնչում և ստիպում պայքարել: Իրադարձությունների զարգացման արդյունքում հերոսներից մեկը հայտնվում է Երևան-Սոչի թիվ 967 չվերթն իրականացնող A320 ինքնաթիռում: Նկարահանումներ իրականացվել են Երևանում, Գյումրիում, Սոչիում, Սևանում, Ծաղկաձորում:
Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, իսկ սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը: Բեմադրող օպերատորն է Հրաչ Մանուչարյանը, իսկ սաունդթրեքի հեղինակներն են Քրիստինե Պեպելյանը և Ալբերտ Աբգարյանը: Գործադիր պրոդյուսերն է Վահան Ազատյանը: Որպես պրոդյուսերներ հանդես են եկել Կարեն Ղազարյանը և Արմեն Գրիգորյանը:
Դերերում հանդես են գալիս Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Արփինե Իսրայելյանը ,Վարդան Հովսեփյանը, Անի Երանյանը, Գայանե Ասլամազյանը, Խորեն Աբրահամյանը: