Թեև տարին նոր է սկսվել, երգչուհի Քրիստինե Պեպելյանն արդեն գործի է անցել. օրերս նկարահանվել է «Անավարտ թռիչք»  ֆիլմի համանուն սաունդթրեքի տեսահոլովակը: Երգչուհին լուսանկարներ և մանրամասներ է վստահել ESem.am-ին:

 

«Երգը գրվել է 5-6 տարի առաջ: Իմ ընկեր դաշնակահար Ալբերտ Աբգարյանն ինձ նվիրեց այս երաժշտությունը, ես գրեցի խոսքերը և այն անվանեցի «Անավարտ թռիչք»: Երգը ձայնագրել էի, սակայն չգիտես ինչու երբեք որևէ տեղ չեմ կատարել»,- ասաց նա և հավելեց, որ իր ընկերուհին` սցենարիստ Անահիտ Մխիթարյանը, շատ էր սիրում այս երգը:

 

 

«Ինձ ասաց, որ երգից ներշնչված ֆիլմի սցենար է գրել ու եթե թույլ տամ, ուզում է  օգտագործել երգիս վերնագիրը, քանի որ սցենարը նվիրված է  Երևան-Սոչի, ցավոք, անավարտ թռիչքին: Ես համաձայնեցի, հետո մեզ միացավ ռեժիսոր Ելենա Արշակյանը: Տարիներ առաջ, երբ երազանքներով քննարկում էինք, ինչ-որ առումով չհավատալով այդ մեծ նախագծին, այնուամենայնիվ, պատկերացնում էինք՝ ինչ կլինի, եթե մի օր այս նախագիծը կյանքի կոչվի, նրանք ինձ խնդրեցին, որ եթե մի օր ֆիլմը նկարահանվի, այս երգը դառնա սաունդթրեքը:  Արի ու տես, որ խոսքերը շատ ուժեղ ազդեցություն ունեն ու տարիներ անց նախագիծն  իրականացավ»,- պատմեց Քրիստինեն և կարևորեց ֆիլմում առկա հիշատակի կոչը, այն հիմնված է իրական փաստերի վրա:

 

 

Երգչուհին  նշեց, որ նախագիծը կյանքի է կոչվել Շարմ հոլդինգի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:Քրիստինեի խոսքով՝ երգը նոր գործիքավորմամբ է ներկայացվելու, երգչուհին նաև մի քանի արտահայտություն է փոխել տեքստում՝ ֆիլմին առավել համապատասպան դարձնելու համար:

 

 

«Տեսահոլովակի նկարահանումները կայացել են Երևանում՝ 1 օրում: Այն կներկայացվի ֆիլմի կադրերով: Այստեղ կա երիտասարդ զույգի շատ գեղեցիկ սիրո պատմություն, որոնցից մեկն իրականում եղել է չվերթի ուղևորներից»,- ասաց երգչուհին՝ ավելացնելով, որ պրեմիերան նախատեսվում է մինչև հունվարի վերջ:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը