Ըստ Forbes հանդեսի վարկանիշի՝ Հոլիվուդի աստղ Ադամ Սենդլերը «չարդարացված ամենաբարձր» աշխատավարձն է ստացել տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Forbes-ն այս վարկանիշը կազմում է այն երեք վերջին ֆիլմերի դրամարկղային մուտքերի, որոնցում դերասանը խաղացել է գլխավոր դերը և որոնք էկրան են բարձրացել մինչեւ 2014 թվականի հունիսը, և աստղի հոնորարների համադրման հիման վրա: Այսպես, հանդեսի գնահատումների համաձայն, կինոընկերությունները Սենդլերին վճարված յուրաքանչյուր դոլարից ստացել են 3,2 դոլար: Նա այդ անվանակարգում վարկանիշը գլխավորել է երկրորդ տարին անընդմեջ:
Forbes-ի վարկածով՝ երկրորդ տեղում Ջոնի Դեփն է: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարը ընկերություններին վերադարձել է 4,2 դոլար շահույթի տեսքով: 2014 թվականի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բեն Սթիլերը: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարը կինոընկերությանը «վերադարձրել է» 4,8 դոլար:
Forbes-ի բարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաև Ռայան Ռեյնոլդսը, Թոմ Հենքսը, Չեննինգ Տատումը, Ուիլ Ֆերելը, Դենիել Վաշինգտոնը, Սանդրա Բուլոքը և Բեն Աֆլեքը:
Ավելի վաղ Forbes-ի 2014 թվականի վարկանիշում ամենաբարձր վճարվող դերասանն է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը, որը 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում վաստակել է 75 մլն դոլար, ինչպես և մեկ տարի առաջ:
Ամենաբարձր վճարվող դերասանուհիների ցուցակը գլխավորել է Սանդրա Բուլոքը, որը նշված ժամանակահատվածում վաստակել է 51 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: