Ճապոնիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, «Ճապոնիա-Եվրասիա» ընկերության հետ համագործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ը համերգային շրջագայությամբ Ճապոնիայում է գտնվել Կոմիտասի անվան պետական լարային քառյակը` իր հոբելյանական 90-րդ տարեդարձի առիթով: Ինչպ ես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քառյակի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի եկեղեցու սրահում՝ համալսարանի երգչախմբի հետ համատեղ, որն առաջին անգամ է կատարել հայ եկեղեցական երգեր:


Այնուհետև քառյակը համերգներ է ունեցել Օսակա, Նագոյա, Մուսաշինո, Տոկորոզավա քաղաքներում:

Դեկտեմբերի 9-ին Տոկիոյի «Տականավա Սիվիք Հոլ» սրահում տեղի ունեցած եզրափակիչ համերգի ընթացքում քառյակին է միացել նաև ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան: Երաժիշտները կատարել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

 

Երաժշտասերների թվում են եղել Ճապոնիայի կառավարության անդամներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, գիտության և կրթության ոլորտի մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քառյակի բոլոր համերգները հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության են արժանացել: