Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր` «1915» ֆիլմի համար: Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են  Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պաշտոնական ֆեսյբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ  «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանն իր դեբյուտը կանի որպես ֆիլմի կոմպոզիտոր՝ երաժշտություն գրելով «1915» ֆիլմի համար: « «1915»-ն անհավանական գեղարվեստական ֆիլմ է՝ լի հոգեկան ցնցումով, խորությամբ, անորոշությամբ և որոշակի մոգությամբ՝ միևնույն ժամանակ մնալով պատկերավոր և ժամանակակից- հազվագյուտ երևույթ այսօրվա ֆիլմերում: Ես հաճույք եմ ստանում՝ դրա համար ստեղծելով երաժշտական աշխարհ»,- գրել է նա:

 

«1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության հոգիներին:

 

Imdb.com կայքը տեղեկացնում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Խզում» (The Cut) կինոնկարներից:

 

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը (Ջեֆրի), Քորթնի Հալվերսոնը (Լաքի), Դեբրա Քրիսթոֆերսոնը (Լիլիան), Նիկոլայ Կինսկին (Թոնի), Մայլս Քրանդորդը (Ռեյ) և այլք: