Վերջին շրջանում երգչուհի Եվա Ռիվասը բազմաթիվ խոսակցությունների կիզակետում է: ESem.am-ը երգչուհու հետ խոսել է նրա անվան շուրջ պտտվող սկանդալների մասին: Դրանցից ամենաթարմը «Հայաստանի ձայնի» շրջանակներում նրա և Սոնայի ունեցած կոնֆլիկտն է:

 

Եվայի խոսքով` ինքը ոչ մի կոնֆլիկտ չունի Սոնայի հետ:  «Կոնֆլիկտ եղել է շոուի շրջանակներում, որը հարթված է, ամեն ինչ կարգին է և նորմալ: Ամեն մարդ էլ ունենում է էմոցիոնալ պոռթկումներ: Եթե տվյալ պահին մենք վիճել ենք, չի նշանակում, որ վաղը պետք է զայրանանք միմյանց վրա: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք շփվում ենք, ընկերություն ենք անում, մեզանից ոչ մեկը չի հիշում, թե ինչ է կատարվել այնտեղ»,- հավատացրեց Եվան:

 

 

Երգչուհիների «կռիվը» եթերից հետո շարունակվել է նաև սոցցանցային իրենց էջերում: Եվայի փոխանցմամբ` իրենք նշումներ արել են, բայց միայն լավ տեսանկյունից: «Իրար հետ նկարներ ենք տեղադրում տարբեր համերգներից, շոուներից: Մենք միասին մեկնել ենք Մոսկվա, որտեղ ունենք միայն լավ նկարներ և մեր հասցեին միայն դրական մեկնաբանություններ են արել ու կանեն»,-համոզված է երգչուհին:

 

 

Ըստ նրա` միշտ էլ անտարբեր է եղել բոլոր մեկնաբանությունների հանդեպ: «Ինչպես արտաքինիս, հագուկապիս, այնպես էլ ոտքով կոճակին հարվածելուս հետ կապված մեկնաբանությունների հանդեպ անտարբեր եմ: Դա ծրագրված չի եղել, PR-ի համար չի արվել, դա կատարվեց ինքնաբերաբար: Ամեն դեպքում ես չեմ զղջում արածիս համար: Կան մարդիկ, ովքեր շոու են անում և կան մարդիկ, ովքեր իրենք իրենցով շոու են:

 

Ես երկրորդ տեսակին եմ պատկանում: Ամենուրեք՝ բեմում, կյանքում ես մարդ-շոու եմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ես սիրում եմ զարմացնել բոլորին իմ արարքներով, բնավորությամբ, դրա համար էլ ինձ համար միևնույնն է, թե ինչ են խոսում: Եթե որևէ մեկին դուր չի գալիս, թե ինչ եմ անում, թող չնայի և չհետևի իմ կարիերային, չլսի իմ երգերը: Եթե կան քննադատություններ, դա ապացուցում է, որ մարդկանց հետաքրքիր է իմ անձը»,-շեշտեց երգչուհին:

 

 

Եվայի հետ զրուցել ենք նաև ժամանակին մուսուլման ընկեր ունենալու լուրերի մասին: Ըստ նրա՝ շատերն էին դեմ, որ հանդիպի մուսուլմանի հետ, սակայն ինքը ոչ մի վատ բան չի արել: «Ես չեմ հանդիպել թուրքի կամ ադրբեջանցու հետ, հանդիպել եմ մուսուլմանի հետ: Դա այլ հավատք է, իսկ ազգությունը չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր վատ բան են արել,- ասաց նա և ավելացրեց,- Ես եթե հայ լինելով ինչ-որ վատ բան եմ արել, ուրեմն շատ սխալներ եմ ունեցել: Ես, օրինակ, մերկ նկարահանվել եմ և չեմ ամաչել մի քանի անգամ դա անելուց, որովհետև ես ինձ հետ բերեցի նոր կանոններ ու նոր շունչ: Եթե ինձ ընդունում են, լավ է, իսկ եթե ոչ` թող սիրեն այլ արտիստների: Քանի ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ, ես կշարունակեմ հանդես գալ»:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը