Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են լեհական Պոզնան քաղաքի «Նոստալգիա» փառատոնում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 23-25-ն անցկացված փառատոնն իր ներկայությամբ պատվել է կոմպոզիտորը, ով ներկա է եղել իրադարձությանը և համերգային երեկոներին:
Տիգրան Մանսուրյանի գործերը հնչել են բազմաթիվ մենակատարների և նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնին ներկայացվել են նաև հայկական ֆիլմեր:
Պոզնանի «Նոստալգիա» փառատոնի ծրագիրը հիմնված է երկու վարպետների միջմշակութային երկխոսության վրա: Այս անգամ որպես գլխավոր դեմքեր ընտրվել են հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ամերիկացի կոմպոզիտոր Էլիոթ Քարթերը: Տիգրան Մանսուրյանը հանդես է եկել որպես փառատոնի հատուկ հյուր և մասնակցել բոլոր իրադարձություններին:
Փառատոնի ընթացքում անցկացվել է նաև Տիգրան Մանսուրյանին և Խորհրդային Միության կոմպոզիտորներին նվիրված քննարկում: Փառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեք փառատոնային օրերի ընթացքում հնչել են Մանսուրյանի՝ Քուչակի խոսքերի հիման վրա գրված «Չորս հայրեն», «Capriccio», Թիվ 2 Լարային քառյակ, «Նոստալգիա», «Ռեքվիեմ», դաշնամուրային ստեղծագործություններ: Փառատոնն ավարտվեց Մանսուրյանի «Ռեքվիեմի» անկրկնելիորեն գեղեցիկ կատարմամբ:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել ենՀայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս
կատարվել են Հայաստանում,Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում,
բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:
Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզ,վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիրմիահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝«Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անո ւրջներ», «Հին օրերի երգը» և այլն: