ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հոկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում կներկայանա ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. կթերթվեն Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը:

 

Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934թ. Թբիլիսիում: Մասնագիտական կրթությունն ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: 1962 թվականից որպես մեներգչուհի հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Էլվիրա Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում:

 

Տասնամյակներ շարունակ Էլվիրա Ուզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ակտիվորեն համագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ`  դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը: