Արարատի մարզային Օհան Չուբարյանի անվան գրադարանում կազմակերպվեց «Հայոց ազատամարտը երգերում»  գրքի շնորհանդեսը` հեղինակ Սահակ Սահակյանի մասնակցությամբ: ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթին ներկա էին և գրքի մասին վերլուծականով հանդես եկան մտավորականներ, երաժշտագետներ, պատմաբաններ: Նրանք նշեցին, որ գիրքը Ավետիք Իսահակյանի «Հայդուկային երգեր» ստեղծագործությունից հետո ֆիդայինների և նրանց վարած պատմակ ան ճակատամարտերի մասին եզակի մի հանրագիտարան է: (Այդպիսիք են Զեյթունի ապստամբությունը, Վանի հերոսական ինքնապաշտպանությունը):

 

Գրքում կան նաև պատմական տեղեկություններ` նվիրված յուրաքանչյուր հայդուկին, ինչպես նաեւ նրանց ձոնված երգեր` համապատասխան նոտագրությամբ: Գրքում տեղ են գտել նաև հայ վրիժառուների մասին կենսագրական տեղեկություններ: Գիրքը սկսվում է Ավարայրի ճակատամարտի և ավարտվում` Արցախյան ազատամարտի մասին նյութերով:

 

Արցախյան ազատամարտի հերոսները` Թաթուլ Կրպեյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Դուշման Վարդանը եւ մյուսները ներկայացված են համապատասխան նկարներով, մարտական գործողությունների նկարագրությամբ, դարձյալ նրանց ձոնված` Գուսան Հայկազունի, Ներսիկ Իսպիրյանի, Աշուղ Կաղնիի, Աշոտ Բեկոյանի երգերով:

 

Լիլիթ Մաճկալյան