Հայ և եվրոպացի գրողներին հինգերորդ տարին Հայաստանում համախմբող «Գրական տապան 2014» միջազգային փառատոնն ավարտվեց: Փառատոնի փակման արարողությունն անցկացվեց սեպտեմբերի 27-ին ոչ ֆորմալ միջավայրում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Ամփոփիչ ասուլիսի ընթացքում փառատոնի ու Հայաստանի մասին իրենց տպավորությունները կիսեցին «Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակից տասնյակից ավելի արտասահմանցի գրողները և նրանց հայ գրչակիցները:


«Գրական տապան» փառատոնը մոտենում է իր պայմանական ավարտին: Տապանի միջոցով մեր փրկության ծրագիրը հավերժ է: Մենք նավարկեցինք Հայաստանով, եղանք Ղարաբաղում, ունեցանք հանդիպումներ, վարպետության դասեր, կլոր սեղան քննարկումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը:


Գրող Սերժ Վենտորինին Հայաստան է եկել Ֆրանսիայից: Իր խոսքում Վենտորինին շնորհակալություն հայտնեց «Գրական տապան»-ի կազմակերպիչներին՝ նման փառատոն կազմակերպելու համար: «Շնորհակալ եմ Նարեկացուն, Քուչակին, Սայաթ-Նովային, Չարենցին, քանի որ այս գրողները ազդեցություն են ունեցել իմ աշխատանքում, և ես հիմա կարծում եմ, որ հայ գրող եմ»,-նշեց ֆրանսիացի գրողը:

 

Ալիսա Դանիևան Հայաստան է եկել Ռուսաստանից: «Սա իմ առաջին այցն էր Հայաստան: Երբ տեսա ծրագիրը, հասկացա, թե ինչքան մեծ կազմակերպչական աշխատանք  է տարվել: Ես այստեղ ծանոթացա շատ գրողների հետ, որոնց գործերն անպայման կկարդամ: Շատերին ճանաչում էի, ոմանց էլ բացահայտեցի»,-նշեց Դանիևան:

 

Չեխ գրող Լադիսլավ Վետիչկան ընդգծեց, որ այսօր Հայաստանը, ինչպես և իր երկիրը տարիներ առաջ, շրջապատված է թշնամիներով: «Ես հասկանում եմ Ղարաբաղում ապրող մարդկանց զգացմունքները»,-նշեց գրողը:  

 

Գրողներից շատերը հանդիպման ընթացքում նշեցին, որ առաջին անգամ չեն Հայաստանում և մշտապես ուրախությամբ են վերադառնում մեր երկիր:

 

 «Գրական տապան 2014» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց սեպտեմբերի 19-ին: Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել էր գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից:  Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

 

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ ունեցան և վարպետության դասեր անցկացրին երևանյան բուհերում:

 

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում Յանուշ Լեոն Վիշնևսկին կներկայացնի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանությունը: Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

 

Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

 

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային 

համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: