«Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան ստուդիան իր սաների և շրջանավարտների հետ յուրահատուկ ցուցահանդեսով տոնում է ստեղծման 20-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ի երեկոյան Մոսկվայի տանը բացվեց «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման  կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, ուր ներկայացված էին 2.5-18 տարեկան սաների 350 աշխատանքներ: Վիվալդիի, Բախի, Մոցարտի, Շոպենի, Չայկովսկու, վաղ իտալական դասական երաժշտության տակ սդուդիայի աշակերտներն ազատվում են ներքին լարվածությունից և ստեղծում, մասնագետների կարծիքով, արվեստի իսկական գլուխգործոցներ: Ուսուցման այս այլընտրանքային մեթոդի հիմնական գաղափարն է արվեստի հավաքական ուժի միջոցով վերհանել մարդու մեջ թաքնված ներուժը, որն առավել կարևորվում է փոքր հասակում:


«Ցուցահանդեսն առաջին հերթին կազմակերպվել է մեր երեխաների համար` նրանց մեջ սերմանելու գիտակցումը, որ իրենք գնահատանքի արժանի բան են անում: Բացի այդ, ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ նյութականից բացի, գոյությունի ունի հոգևոր աշխարհ: Մենք այսօր մոռացել ենք այդ մասին: Ծնողին շատ հաճախ թվում է, որ եթե իր երեխան լավ սովորի` ապագայում լավ մասնագետ դառնալու և գումար վաստակելու համար, դա բավական է, սակայն դա այդպես չէ: Հոգին իր պահանջներն ունի: Այս ցուցահանդեսն իմ երեխաների հոգու լույսն է»,-ասաց երաժշտագետ, «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան ստուդիայի  գեղարվեստական ղեկավար Արմենուհի Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով` երաժշտությունը մաքրագործող ազդեցություն է ունենում երեխաների վրա և զանգվածային մշակույթի միջոցով երեխաներին մատուցվող աղբը դուրս մղում նրանցից:

 

Կենտրոնի աշխատանքը կազմակերպված է այնպես, որ մեկ հանդիպման ընթացքում խումբը լսում է հեքիաթ, լեգենդ կամ պատմություն` համապատասխան իր տարիքի, այնուհետև ընտրվում է նաև համապատասխան երաժշտություն, որը բերում է երեխաներին այնպիսի ստեղծագործական վիճակի, որ պահանջ է առաջանում ներքին վերապրումները գույների միջոցով հանձնել թղթին, կամ դրանք ձև են ստանում կավի մեջ, կամ էլ դառնում են ժեստ: Երեխաները սովորում են ոչ միայն լսել, այլ նաև «տեսնել» երաժշտությունը, «լսել» գույնը և այլն: Այսպիսով, դասի վերջին աշակերտները ազատվում են ներքին լարվածությունից:

 

Կենտրոնում սովորում են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, ում համար ուսուցումը կարևոր թերապևտիկ նշանակություն ունի: