Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է  գեղանկարիչ, միության անդամ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը:


Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ Նիկոլ Աղաբաբյանի արվեստում Հայաստան աշխարհն է, հայրենի բնության պատկերները, մարդիկ: «Շնորհակալ եմ Հայաստանի մերօրյա լավագույն նկարիչներից մեկին՝ իմ հին ու լավ բարեկամ Նիկոլ Աղաբաբյանին, որ իր նկարներից մի քանիսը սիրով նվիրեց և դրանք տեղ գտան «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու նպատակով կազմակերպված հայ նկարիչների նկարների ցուցահանդես-վաճառքում», - ասել է Հրանուշ Հակոբյանը:


Նախարարն ուրախությամբ ընդգծել է, որ Հայաստանի լեռներն ու բնությունը պատկերող նկարչի կտավները ցուցադրվելով Սիրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում` մեծ հպարտությամբ են համակել տեղի հայ համայնքի մեր հայրենակիցներին, սեր ու կարոտ արթնացրել նրանց մեջ Հայրենիքի նկատմամբ:

 

ՀՀ սփյուռքի նախարարը արվեստագետին բնորոշել է երեք առանցքային հատկանիշներով՝ որպես լավ մարդ, լավ քաղաքացի եւ ազգանվեր անհատականություն. «Մի առիթով Նիկոլն ասել է. «Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Մնացածը երանգներ են»: Կարելի է պատկերացնել, թե այսպես մտածող արվեստագետը որքան հայրենասեր պիտի լինի: Իմ աշխատասենյակում նույնպես կախված է Նիկոլ Աղաբաբյանի՝ Գյումրիի եկեղեցիներից մեկը պատկերող կտավը, որի շնորհիվ  ամեն օր հաճույքով առնչվում եմ Նիկոլի  արվեստին»,- ասել է նախարարը:

 

Գեղանկարչության ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հակոբյանը Նիկոլ Աղաբաբյանին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ պարգեւատրել է  ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

 

Նիկոլ Աղաբաբյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին՝ իր արվեստը բարձր գնահատելու եւ արժանացրած պարգևի համար, «Փյունիկ» հիմնադրամին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ցուցահանդեսը կազմակերպելու համար: Հոբելյարը նշել է, որ մեծ սիրով է մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի համար կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին և հավաստիացրել, որ հետագայում ևս պատրաստ է իր ներդրումը բերել նմանօրինակ նախաձեռնություններին:

 

Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1992 թվականից Հայաստանի Նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ է: 1986-ից նկարչի անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանի, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրների նշանավոր ցուցասրահներում: