Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում անցկացվող ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ մինչ այժմ չհրապարակված փաստաթուղթ, որի հեղինակն այն ժամանակների հայտնի հայ կին գրող Զաբել Եսայանն է: Վերջինիս պատրաստած 11 էջանոց փաստաթուղթը պատմում է 1915 թվականին և դրանից հետո հայ կանանց հետ պատահած դեպքերի մանրամասները: Զաբել Եսայանը վերոնշյալ փաստաթուղթը ներկայացրել է Փարիզի կոնֆերանսի ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Պողոս Նուբար փաշային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը ներկայացրել է փաստաթղթի որոշ հատվածները:
Դրանցում Եսայանը մասնավորապես նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցությունը համակարգված կերպով ոչնչացնում է կայսրության ոչ մահմեդական բնակչությանը: Երիտասարդ կանայք և երեխաները, որոնց թիվն անցնում էր 200 հազարից, բռնի ուժով առևանգվում էին: Ընդ որում բռնությունների էին ենթարկվում ոչ միայն հայ կանայք և երեխաները, այլ նաև ասորիները, հույներն ու նեստորականները: Զաբել Եսայանը հետևյալ դասակարգումն է կատարում.
«1. Շատ կանայք և երեխաներ առևանգվում էին իրենց ծննդավայրերից: Այդ ժամանակ հարևան մուսուլմանները գալիս և առաջարկում էին նրանց իրենց մոտ թաքնվել: Խուճապի ընթացքում բաշիբոզուկները ակնթարթորեն առևանգում էին երեխաներին, երիտասարդ կանանց բռնի ուժով տանում էին: Օրինակ, Էրզրումում թուրք սպաներն առևանգում էին քաղաքի առաջավոր մարդկանց աղջիկներին: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ աղջկան` Քալֆայանին, ճանապարհների վրա քարշ տալով, տարավ: Երզնկայում թուրքերը առևանգում էին հարուստ ընտանիքների ժառանգ աղջիկներին: Տրապիզոնում քաղաքացիակա ն և զինվորական հագուստով սպաները քաղաքի ամենագեղեցիկ, ամենակրթված աղջիկներին մի տան մեջ հավաքելով ներկայացնում էին «Իթթիհաթ վե թերաքքի»-ի անդամներին: Հույն մետրոպոլիտի տանը կամ այլ հաստատություններում թաքնվածներին ևս նույն նպատակով տանում էին:
2. Մարդկանց քաղաքներից կամ գյուղերից հեռացնելուց հետո տղամադրկանց առանձնացնում էին երեխաներից և կանանցից. տղամարդիկ անգթորեն սպանվում էին, իսկ երեխաները, երիտասարդ աղջիկներն ու կանայք առևանգվում էին մարդասպանների կողմից: Նրանք, ովքեր կարողանում էին փրկվել նման անպատիվ վիճակից, սպանվում էին ճանապարհներին: Նրանց շարասյանը ուղեկցող ժանդարմերիան, նրանց 1-2 օր քայլել տալուց հետո կանգնեցնում էր ջրի աղբյուրի մոտ, բայց թույլ չէր տալիս խմել: Ջրին հասնելու գինը մի քանի կույսի կամ երիտասարդ աղջկա` նրանց հանձնվելն էր: Այս սարսափելի միջոցը իրականացվում էր համակարգված կերպով: Հատկապես Քեմահ-Հալեպ, Քոնյա-Տարսոս ճանապարներին, ինչպես նաև Եփրատի երկայնքով:
3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չերքեզները, չեչենները և քոչվոր մուսուլմանները ժանդարմերիայի լուռ համաձայնությամբ հարձակվում էին աքսորվածների ճամբարների վրա: Առնում-տանում էին այն, ինչ կար նրանց վրա, անգամ հագուստներն էին հանում-տանում... Սպանությունները` որպես մյուսներին խրատ, մյուս կանանց ներկայությամբ էր արվում»:
Զաբել Եսայանը ներկայացրել է նաև, թե ինչպես էին կանայք բռնությունների ենթարկվում մահմեդականների կողմից: Փաստաթղթի ամենատպավորիչ հատվածներից մեկն էլ այն էր, թե ինչպես էին հայ կրթված, բարձրաստիճան կանայք դիմում ինքնասպանության` բռնություններից խուսափելու համար: Նրանցից շատերը իրենց երիտասարդ դուստրերին նետում էին Եփրատը, շատերը նույն այդ ջրերն էին նետվում իրենց նորածինների հետ միասին: Եսայանը նշում է, որ նրանց մի մասը խելագարվել էր: Մի մասին հաջողվել էր փախչել բռնություններից, սակայն նրանք սպանվել էին ճանապարհներին: Որոշներն էլ, ովքե ր շատ փոքրաթիվ էին, կարողացել էին սպանել իրենց վրա բռնացողին:
Եսայանը երկու կատեգորիայի է բաժանում այն երեխաներին ու կանանց, ովքեր ողջ էին մնացել և պետք է հետ վերադարձվեին, այն է` չափահասներ և անչափահասներ: Նրանք, ովքեր առևանգման ժամանակ անչափահաս էին, անպայման պետք է հետ վերադարձվեին իրենց ընտանիքներին, իսկ եթե բարեկամները ողջ չէին, ապա` տվյալ ազգի համապատասխան կառույցներին: Ավելի բարդ էր չափահասների վերադարձի հարցը, ովքեր արդեն մուսուլմանների կին էին դարձել, նրանցից երեխաներ ունեին, ում չէին ցանկանա լքել: Մի մասն էլ պարզապես ամաչում էր հետ վերադառնալ իր ժողովրդի մոտ: Որոշներն էլ պարզապես կորցրել էին վստահությունը սեփական երկրի նկատմամբ, կորցրել էին բարոյականությունը:
Պողոս Նուբար փաշային հանձնած փաստաթղթում Եսայանը առաջարկում էր ստեղծել հատուկ միջազգային հանձնաժողով, որը կզբաղվեր այդ կանանց հարցերով: «Կամ, թույլ չտալով, որ թշնամին թաքնվի` անմիջապես գործի կանցնենք և այս խեղճ գերիներին նրանցից կազատենք, կամ էլ պատճառը կդառնանք նոր բարդությունների և խնդիրների»,- փաստաթղթում նշել էր Զաբել Եսայանը:
Գրող և թարգմանիչ Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Ուսքուդար (Սկյութար) թաղամասում: Առաջին գրական ստեղծագործությունը հրատարկել է 1895 թվականին: Նույն տարում մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի գրականության և փիլիսոփայության դասերին մասնակցելու: Ստամբուլ է վերադարձել 1908 թվականին` նոր սահմանադրության ընդունումից հետո: Ստեղծագործություններում անդրադարձել է կնոջ իրավունքների, հասարակության մեջ կնոջ դերի խնդրին:
1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորակներին «մահվան ուղևորության» տանելու ժամանակ կարողացել է փրկվել մի հիվանդան ոցում թաքնվելու շնորհիվ: Որոշ ժամանակ Բուլղարիայում մնալուց հետո գնացել է Բաքու` մասնակցելու հայ փախստականների և որբերին օգնելու աշխատանքներին: 1921 թվականին վերադարձել է Փարիզ: 1933 թվականին Հայաստանի կառավարության հրավերոգվ եկել է Երևան, որտեղ գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: 1937 թվականի ստալինյան աքսորի ժամանակ տարվել է Սիբիր: Նրա մահվան տարեթիվն ու վայրը մինչ օրս անհայտ է: