Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որին կմասնակցեն հինգ երկրներից դերասաններ և թատերախմբեր: Թվով չորրորդ փառատոնը կանցնի օգոստոսի 10-15-ը: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնեց Մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
«Մշակույթի նախարարությունը աջակցելով փառատոնին, կարևորում է այս յուրահատուկ ձեռնարկը և բարձր է գնահատում մնջախաղի արվեստի դերը մեր կյանքում, որն ինքնին խոսքի, բառի, երաժշտության, պլաստիկայի յուրօրինակ համատեղում է և մնջախաղի ներկայացումը շատ ավելի վառ է քան բառը, երաժշտությունը առանձին: Անցկացնելով փառատոնը չորրոնդ անգամ, այն վկայում է իր կայացումը և շրջանակների լայնացումը, որը վառ է պահում մեր մնջախաղի բացառիկ վարպետ Լոենիդ Ենգիբարյանի հիշատակը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:
Մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրենի խոսքով, կազմակերպելով թվով չորրորդ փառատոնն այսօր կարելի է արձանագրել հսկայական քայլեր, որոնք անմիջականորեն հետք թողեցին հայաստանյան հասարակական կյանքում: «Օրինակ, 2008 թվականին` առաջին փառատոնին, մենք հրավիրել էինք իտալական կենդանի քանդակների Silence teatro թիմին, որի ներկայացումից հետո նույնիսկ հարսանիքների ժամանակ կարելի էր տեսնել կենդանի արձաններ: Բացի այդ, Մոսկվայից հրավիրել էինք կրակե շոու, որի օրինակով Եղեգնաձորում ծնվեց նմանատիպ մի խումբ, ովքեր արդեն 2012 թվականին մասնակցում էին մեր փառատոնին», - ասաց Ժիրայր Դադասյանը:
Շարունակելով թվարկել փառատոնի հետևանք դարձած փոփոխությունները, Ժիրայր Դադասյանը նշեց նաև Ծաղկաձորում տեղադրված Լեոնիդ Ենգիբարյանի հրաշալի հուշարձանը: Ժիրայր Դադասյանը նաև մանրամասն ներկայացրեց փառատոնին մասնակցող հինգ երկրներից ժամանած թատրոններին և դերասաններին:
Դրանք են. Թայլանդից դուետ, որը հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով կներկայանա կատագերգական ժանրում, Իրանից խումբ, ում ներակացումը ավելի փիլիսոփայական է, ֆրանսիացի դերասան, ով որպես միմ կերպարանափոխվելով փուչիկներից արագ պատրաստելու է տարբեր կենդանիներ, իսկ Գերմանիայի դերասնները, բավականին փափուկ անցումներ կատարելով ժանրից ժանր, ցուցադրելու են տարբեր իրավիճակներ: Հայաստանյան դերասնների մասնակցությունն այս տարի այլ է լինելու, հատկապես կրկեսային մասով՝ կլինեն իլյուզիոնիստներ, ավազանկարչույթուն, Երևանի կրկեսի հետ համագործակցության շնորհիվ կլինեն ծաղրածուներ և այլն:
2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ: Այդ ընթացքում ներկայացումները դիտել է շուրջ 10000 հանդիսատես, տպագիր և էլեկտրոնային մամուլներում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, տարբեր հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել և ցուցադրվել են բազմաթիվ ռեպորտաժներ: